top of page

ԱԱԾ-ն պաշտոնատար անձանց կողմից կաշառք, ապօրինի վարձատրություն տալու և ստանալու դեպքեր է բացահայտել



Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից վերջերս ազատված Մեսրոպ Առաքելյանը ցավով է տեղեկացել, որ նաև իր ղեկավարման շրջանն ընդգրկող ժամանակահատվածում նախարարության ենթակայության տակ գործով միանգամից երկու կառույցներում կաշառքի դեպքեր են արձանագրվել։

Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարեց, որ բացահայտել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պաշտոնատար և այլ անձանց կողմից կաշառք, ինչպես նաև ապօրինի վարձատրություն տալու և ստանալու դեպքեր։


Առաքելյանը վստահ է՝ հաջորդ տարի արդեն բժշկասոցիալական ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունից հետո կոռուպցիոն ռիսկերը կնվազեն:

«Ապրիլ ամսին ի վերջո հասանք նրան, որ Ազգային ժողովի կողմից ընդունվեց հաշմանդամության ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթն, ինչն իրենից ենթադրում է ամբողջ գործընթացի էական բարեփոխումներ, որը հնարավորություն է տալու նաև այսօրվա համակարգի ռիսկերը զսպել, մասնավորապես, ստեղծվելու է միասնական ռեեստր և քաղաքացին, ով ունի հաշմանդամության հետ հնարավոր խնդիր, չի առնչվելու բժշկասոցիալական փորձաքննության աշխատակցի հետ։ Այսինքն՝ էականորեն պրոցեսների բարեփոխումը հնարավորություն կտա նվազեցնել ռիսկերը, ինչն իր հերթին կնվազեցնի նաև կոռուպցիոն ռիսկերը։ Նույն բարեփոխումների սկզբունքները նաև մշակվում են սոցիալական ոլորտում, այսպես ասած, «Փարոս» համակարգի, հուսով եմ, որ այդ աշխատանքները նախարարությունում կշարունակվեն», - ասաց Առաքելյանը։


Ըստ ԱԱԾ-ի՝ Գյումրիի բնակիչը, զբաղեցնելով միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության բաժնի ղեկավարի պաշտոնը, քաղաքացիներից մեկին, առանց պատշաճ հիմքերի, երրորդ կարգի հաշմանդամության վկայական տրամադրելու դիմաց պահանջել և ստացել է կաշառք։ Մեկ այլ անձի էլ պաշտոնյան կեղծված փաստաթղթերի հիման վրա հաշմանդամության կարգ է տրամադրել՝ պետության հաշվին նրա վիրահատությունը կազմակերպելու նպատակով։

ԱԱԾ-ի հաջորդ բացահայտումը վերաբերում է սոցիալական աջակցության «Գյումրի-1» տարածքային բաժնին. պարզվել է, որ գլխավոր մասնագետ հանդիսացող անձը Գյումրիում հաշվառված, սոցիալական աջակցության ծրագրերի մի շարք շահառուների դրանցում ներառելու, ապա հաջորդող տարվա նպաստի վճարումը չդադարեցնելու համար 2011 թվականից մինչև 2021 թվականի մայիսի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի ապօրինի վարձատրություն:


Հարցին, թե ներդրվող նոր կարգն ամբողջությամբ կբացառի՞ նմանատիպ կոռուպցիոն դրսևորումները, նախկին նախարարը պատասխանեց․ - «Որևիցե կարգ իդեալական չէ, ցանկացած պրոցես ունի անընդհատ վերահսկողության, անընդահատ փոփոխության կարիք։ Խնդիրը պետք չէ դիտարկել 100 տոկոս բոլոր ռիսկերը միանգամից փակելուն, աշխատանքի ընթացքում նաև հաշվի առնելով, որ միշտ առնչվում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների հետ սոցիալական ոլորտում, միշտ հնարավոր են խնդիրներ, և, ի վերջո, ցանկացած պչրոցեսի հետևում, որպես պետություն նաև կանգնած են հարյուրավոր, երբեմն հազարավոր աշխատակիցներ և միանշանակ պնդել, որ կարելի է ունենալ այնպիսի պրոցես, որտեղ որ միանգամից բոլոր ռիսկերը կնվազեցվռն, հնարավոր չէ, սակայն, այո՛, պետք է անել առավելագույնը, որպեսզի այդ համակարգերի փոփոխության արդյունքում այդ ռիսկերը նվազեցնեն և ոչ թե այդ կոռուպցիայի դեմ պայքարը վերապահել միայն իրավապահ մարմիններին»։


ԱԱԾ փոխանցմամբ՝ հարուցված քրեական գործերով ձերբակալվել է 4 անձ, մեղադրանք է առաջադրվել ընդհանուր թվով 16 անձի:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page