ԱԻՆ-ի և ՏԻՄ-երի համագործակցությամբ լուծվել է մեծ թվով շչակների հարց. Փիլոյան
- Jun 1, 2021
- 1 min read

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ամեն շաբաթ ստանում է ապաստարանների պատրաստման վերաբերյալ տվյալներ, ՏԻՄ-երի հետ համագործակցությամբ լուծվել է նաև մեծ թվով շչակների հարց: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը:
«Ապաստարանների հետ կապված՝ ԱԻՆ-ը կատարում է հիմնականում ուսուցման, ազդարարման աշխատանքներ: Երևանում և մարզերում շենքերին փակցված են ուղեցույցներ, թե բնակիչներն ինչ ուղղությամբ պետք է գնան և որտեղ պետք է պատսպարվեն»,-ասաց Փիլոյանը:
Շենքային պայմանների հետ կապված՝ ԱԻՆ-ը ամենօրյա ռեժիմով համագործակցում է ՏԻՄ-երի հետ: «Եթե պատերազմի ժամանակ ՏԻՄ-երից ամենօրյա ռեժիմով ստանում էինք ապաստարանների պատրաստության վերաբերյալ տվյալներ, ապա հիմա ամեն շաբաթ ամփոփվում է, և կատարված աշխատանքները ներկայացվում են նաև մեզ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
ԱԻՆ-ը վերահսկողություն է սահմանում: Իսկ ինչ վերաբերում է բնակչության պատրաստվածությանը՝ ամբողջ հանրապետության տարածքում պլանավորել և արդեն անցկացվում են պարապմունքներ՝ բնակչության ազդարարման, տարհանման աշխատանքների եհտ կապված: «Մեր կողմից, ՏԻՄ-երի կողմից համատեղ աշխատանքի արդյունքում նաև մեծ քանակի շչակների հարց ենք լուծել, որպեսզի կարողանանք ժամանակին ազդարարել բնակչությանը»,- ասաց Փիլոյանը:
Comments