top of page

Խրոնիկ խնդիրներ ունի հոգեբուժարաններում մարդկանց իրավունքների ապահովումը․ ՀՀ ՄԻՊ

  • Oct 10, 2021
  • 1 min read

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել․


«Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է:


Հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդիկ մեր հասարակության լիարժեք անդամ են։


Նրանք էլ բոլորիս պես ունեն արժանապատվություն, զգացմունքներ և գնահատաման արժանի ներուժ:


Խտրականությունը ու կարծրատիպերը նրանց մեկուսացած են պահում հասարակությունից, իսկ իրավունքներն ինքնուրույն պաշտպանելու դժվարությունները կամ անկարողությունն ավելի են խորացնում նրանց խնդիրները:Հոգեկան առողջության ոլորտի բազմաթիվ խնդիրներ են շարունակում մնալ չլուծված:


Պատշաճ երաշխավորված չեն, օրինակ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաների իրավունքները. լուրջ խնդիր է բժշկական ծառայությունների հասանելիությունը հատկապես մարզերում, կայացած չէ ներառական կրության համակարգը, հաճախ են լուրջ բարդությունների առաջ կանգնում ծնողները՝ սկսած երեխայի համար անհրաժեշտ կրթություն ապահովելուց, հասարակությունից երեխայի մեկուսացում թույլ չտալուց մինչև աշխատել-չաշխատելու անլուծելի երկընտրանքը:


Խրոնիկ խնդիրներ ունի հոգեբուժարաններում մարդկանց իրավունքների ապահովումը:

Չկան անհրաժեշտ համայնքահեն ծառայություններ, թերի են կառավարումն ու վերահսկողությունը, անհիմն ձգձգվում են դատական գործընթացները ու մարդկանց դնում տարիների քաշքշուկների մեջ, չկա պատասխանատու մարմինների միջև գործառույթների հստակ տարանջատում և այլն:


Այս ամենին զուգահեռ, գնահատված չէ հոգեկան առողջության ոլորտի աշխատանքը:

Բավարար չէ մասնագետների քանակը, խիստ թերի են մասնագիտական վերապատրաստումները, ինչը թույլ չի տալիս ոլորտը զարգացնել միջազգային պահանջներին համահունչ:


Անընդունելի են հոգեբուժարաններում կամ այլ հատուկ հաստատություններում աշխատանքային պայմանները, ցածր է աշխատողների սոցիալական երաշխիքների մակարդակը: Այս ամենն էլ անմիջական բացասական ազդեցություն է ունենում մարդու հոգեկան առողջության և մատուցվող ծառայությունների որակի վրա:


Իսկ գործնականում էլ շատ են դեպքերը, երբ հարցերը լուծվում են ոչ թե պետական քաղաքականության, այլ մասնագետների անձնական ջանքերով ու նրանց անձնական բարեխղճության շնորհիվ:


Ինքս շարունակելու եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում հետևողական քայլերով նպաստել այս ոլորտի խնդիրների լուծմանը:


Պետք է սովորենք գնահատել ու աջակցել իրար և բացառել խարանն ու խտրականությունը:


Արման Թաթոյան Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան»


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page