Հետո չասեք՝ զգուշացված չէինք. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
- May 24, 2021
- 2 min read

Վերջին օրերին ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը ահազանգեր է ստանում, որ նախընտրական փուլը դեռ չսկսած, հայրենի իրավապահներն ընդդիմադիր հայացքների համար շինծու մեղադրանքներ են հարուցում այս կամ այն քաղաքական գործչի նկատմամբ, քաղաքական հետապնդումների ենթարկում և զբաղեցրած պաշտոններից ազատում են պետական համակարգի տարբեր ոլորտների այն աշխատակիցներին, ովքեր օբյեկտիվորեն չեն կիսում գործող իշխանությունների տեսակետները: Այս մասին հայտարարություն է տարածել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն։
Ըստ հայտարարության՝ իրավապահները սկսել են նույնիսկ հետապնդել սոցիալական ցանցերում հակաիշխանական մեկնաբանություններ գրող իրավապաշտպաններին:
«Իրենց նպատակներին հասնելու համար ուժային կառույցների որոշ ներկայացուցիչներ, կոպտորեն խախտելով և ոտնահարելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը, օր ու գիշեր զբաղված են դատարաններից, այսպես կոչված, «գաղտնալսումներ», այն է՝ «ներքին դիտում» և «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» միջոցառումների թույտվություններ (դատարանի որոշումներ) կորզելով:
Ցանկանում ենք հիշեցնել մեր իրավապահներին, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված մի քանի միջոցառումներ, այդ թվում նաև` վերը նշվածները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից օրենքով իր վրա դրած խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է:
Բացի այդ, պետք է ստացված լինեն հավաստի օպերատիվ տվյալներ, որ կատարվել կամ նախապատրաստվում է իրականացնել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն, այսինքն՝ դատարանին չպետք է այդ իմաստով մոլորեցնել, թե իբր այս կամ այն անձը, ում քաղաքական ակտիվության, դիրքորոշման հետևանքով ցանկանում են վերահսկել, կասկածվում է հանցագործության կատարման մեջ:
Անցնենք ամենագլխավորին: Բոլոր այն դատավորները և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու որոշում կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինների ղեկավարները, ովքեր կխախտեն գործող օրենսդրությունը, պետք է հաշվի առնեն վերոգրյալը՝ գիտակցելով, որ շատ շուտով պատասխան են տալու օրենքի ամբողջ խստությամբ: Հուսով ենք՝ բոլորդ եք հասկանում, թե ինչպիսի մանրակրկիտ ստուգման են ենթարկվելու այդ միջոցառումների իրականացման թույտվությունը ստանալու բոլոր հիմքերը, և որ նման որևէ դեպք դուրս չի մնալու տեսադաշտից:
Հետո չասեք՝ չէիք զգուշացրել»,- գրված է հայտարարության մեջ։
Комментарии