top of page

Աբովյանում կառուցվում է ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոն

  • Jun 28, 2021
  • 2 min read


Աբովյանում հունիսի 28-ին մեկնարկեց ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի շինարարությունը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիոն 358 հազար եվրո, որը հատկացրել է Դանիայի Թագավորության, Նիդերլանդների Թագավորության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների կողմից, իսկ ծրագիրն իրականացվում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի և ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության համատեղ ջանքերով։ Աբովյան համայնքի կողմից տրամադրված հողատարածքում կառուցվելու է 2 հարկանի մոնոլիտ շենք բոլոր հարմարություններով։

«Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2022 թվականի վերջին, բայց շինարարները մեզ հույս են տալիս, որ հնարավոր է կատարել մի փոքր ավելի շուտ՝ 2022 կեսերին շենքը արդեն պատրաստ լինի։ Ներկայումս գործող հատուկ կացարանը, որը նախատեսված է ապաստարան հայցողների բնակության խնդիրների լուծման համար, հյուրընկալում է շուրջ 50 անձի՝ չնայած նախատեսված է 45-ի համար։ Այսինքն՝ որոշակի դժվարությամբ, բայց հյուրընկալում ենք 50-ի։ Ներկայումս ընթացող շինարարությամբ նախատեսվում է կառուցել հատուկ կացարան, որ կհյուրընկալի շուրջ 100 ապաստարան հայցողի և որոշակի հարմարություններ իրականացնելու պարագայում՝ նույնիսկ 120 անձի։


Մենք առնվազն առաջիկա մի քանի տարիների, եթե չասեմ 7-8 տարիների կտրվածքով, ըստ էության, ապաստարան հայցողների կացության խնդիրները լուծած կարող ենք համարել։ Ավելի երկարաժամկետ նման հարցերի պլանավորումը դեռևս նպատակահարմար չէ, հաշվի առնելով միգրացիոն տենդենցների արագ փոփոխությունը»,- միջոցառման բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

«Հիմնականում դիմում են Մերձավոր Արևելքի երկրներից՝ Սիրիայից, Լիբանանից, Իրաքից՝ այն տեղերից, որտեղ ընթանում են ռազմական գործողություններ, որտեղ մարդկանց կյանքին վտանգ է սպառնում»,- ասաց Ղազարյանը։

Միգրացիոն ծառայության պետի խոսքով՝ ապաստան հայցողները մնալու են այս կենտրոնում մինչև փախստականի կարգավիճակի որոշման գործընթացը ավարտին է հասցվում։


«Նախ և առաջ ապաստան հայցողներին տրամադրվում է կացություն։ Բացի այդ, նրանք որպես սոցիալապես խոցելի խումբ, ստանում են առողջապահական օժանդակություն։ Իսկ ովքեր կացարանում չեն տեղավորվում, նրանց համար կա որոշակի ֆինանսական օժանդակություն, որը թույլ է տալիս բնակարան վարձակալել կարճ ժամկետով մինչև իրենց ապաստարանի հայցը կուսումնասիրվի և կավարտվի»,- եզրափակեց Ղազարյանը։


Միջոցառման բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի Վաչե Տերտերյանը, Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, Դանիայի միգրացիոն հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Նիկոլայ Ռուջինը, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխեմերսը, Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի ղեկավար Կարել Հոֆստրան և այլք։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page