top of page

Ադրբեջան-Պակիստան կապերի խորացումը փոխում է ստատուս-քվոն Հարավային Կովկասում

  • Nov 3, 2021
  • 1 min read

Բաքուն հետաքրքրված է Պակիստանից գնելու JF-17 Thunder կործանիչներ, ասել է Պակիստանում Ադրբեջանի դեսպանության ռազմական կցորդ Մեհման Նովրուզովը:


Ադրբեջան-Պակիստան հարաբերությունները վերջին տարիներին ակտիվորեն զարգանում են, ինչը պայմանավորված է նաև Թուրքիա-Պակիստան կապերի խորացմամբ: Պակիստանը ցանկանում է ամրապնդվել կովկասյան, կասպյան տարածաշրջանում և այդ առումով հենվում է թուրքական տանդեմի՝Թուրքիայի և Ադրբեջանի վրա:


Պակիստանը չունի դիվանագիտական կապեր Հայաստանի հետ՝միշտ վառ ադրբեջանամետ դիրքորոշում է որդեգրել արցախյան հարցում: Ադրբեջանը ցանկանում է օգտագործել պակիստանյան ռազմական արտադրանքը՝զինված ուժերը համալրելու համար: Պակիստանը միջուկային տերություն է, ունի 200 միլիոն բնակչություն և Բաքվի համար Պակիստանը թե սեփական արտադրանքի սպառման շուկա է, թե կարևոր ռազմավարական դաշնակից՝միջուկային տերություն: Իր հերթին, Պակիստանը հետաքրքրված է ադրբեջանական նավթագազային ռեսուրսներով, ինչպես նաև աշխարհագրական դիրքով՝Ադրբեջանը գտնվում է Կասպից ծովի ափին, ունի ելքեր դեպի Կովկաս, Թուրքիա և Սև ծով:


Նշենք, որ վերջերս Բաքվում կայացել են «Երեք եղբայր-2021» եռակողմ զորավարժությունները՝Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի մասնակցությամբ:


Սուննիական Պակիստանի դիրքերի ամրապնդումն Ադրբեջանում անհանգստացնում է շիական Իրանին, որը Հարավային Կովկասը դիտարկում է, որպես իր կենսական շահերի տարածք: Պակիստան-Ադրբեջան կապերի սերտացման ֆոնին Հայաստանը փորձում է ամրապնդել իր կապերը Պակիստանի գեոպոլիտիկ թիվ մեկ հակառակորդ՝Հնդկաստանի հետ: Շաբաթներ առաջ Հայաստան էր ժամանել Հնդկաստանի ԱԳ նախարարը:


Այսպիսով, Հարավային Կովկասում տեղի են ունենում գեոպոլիտիկ ակտիվ վերադասավորումներ՝Ադրբեջանն ի դեմս միջուկային տերություն Պակիստանի նոր դաշնակից է ձեռք բերում, ինչն առաջացնելու է ՌԴ-ի, Իրանի և այլ խաղացողների անհանգստությունը:


Հայաստանն այս պայմաններում ամրապնդում է իր կապերը մեկ այլ միջուկային տերության՝Իսլամաբադի հակառակորդ Հնդկաստանի հետ: Հարավային Կովկասում գեոպոլիտիկ պայքարը ստանում է կոալիցիոն բնույթ՝Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռյակին դիմագրավելու է ՌԴ-Հայաստան-Իրան-Հնդկաստան քառյակը:


Չմոռանանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքերի ամրապնդումը բխում է նաև Արևմուտքի շահերից, որը ցանկանում է պանթուրքիզմն օգտագործել տարածաշրջանում ռուսական և իրանական ազդեցության չեզոքացման համար:


Արտյոմ Բալասանով

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page