Եղցահող գյուղի սահմաններից ադրբեջանական զինծառայողներին հեռացրել են. Lragir.am
- Aug 19, 2021
- 1 min read

Շուշիի շրջանի Եղցահող գյուղի սահմաններից այսօր ադրբեջանական զինծառայողներին հեռացրել են։ Այդ մասին Lragir.am-ին տեղեկացրեց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եղցահող գյուղի սահմաններից օրերս Պաշտպանության բանակի զինծառայողներին հեռացրել են։ Գյուղապետին ու գյուղի բնակիչներին տեղեկացրել էին, որ ադրբեջանական զորքերը ևս հանվելու են սահմանից, և գյուղը հսկելու են ռուս սահմանապահները։ Արտակ Հակոբյանն ասաց, որ խոսքը «Սարիբաբ» կոչվող բարձունքի մասին է, որտեղ էլ կանգնած էին հայ ու ադրբեջանցի զինծառայողները։
«Այսօր՝ մոտ մեկ ժամ առաջ, ադրբեջանական զորքը հանել են Սարիբաբից։ Իրենց կողմից առաջխաղացում էր եղել ավելի վաղ, նախքան մեր զորքը հանելը նրանք առաջ էին եկել։ Մեր զորքի դուրս գալուց հետո պայմանավորվածություն կար ռուս խաղաղապահների միջոցով, որ մեր բանակը հանվում է, ադրբեջանական կողմը 3 կիլոմետր հետ է գնում, սահմանները պահում են ռուս խաղաղապահները։ Դեռ երեկ չէին գնացել, բայց այսօր՝ մեկ ժամ առաջվա տվյալով, նրանք այդ պոստից նահանջել են, հիմա խրամատները դատարկ են։ Նախկինում մեր համայնքին պատկանող անասնաֆերմա կար, հիմա իրենք մնացել են միայն այդ անասնաֆերմայի տարածքում»,- ասաց գյուղապետը։
Comentarios