ԱՀԿ-ի տվյալներով ամեն տարի վնասվածքների պատճառով մահանում է 950 000 երեխա
- Sep 11, 2021
- 2 min read

Սեպտեմբերի երկրորդ շաբաթ օրն ամբողջ աշխարհում նշվում է որպես Առաջին օգնության համաշխարհային օր: Այդ մասին տեղեկացնում է Կարմիր խաչի ընկերությունը Հայաստանում։
Դրա նպատակն է բարձրացնել կյանքեր փրկելու համար առաջին օգնության գիտելիքների ու հմտությունների կարևորության վերաբերյալ իրազեկությունը, ինչպես նաև ջատագովել, որ դրանք հասանելի լինեն յուրաքանչյուրին:
Առաջին օգնության համաշխարհային օրվա այս տարվա թեման դպրոցներում առաջին օգնության հասանելիությունն է բոլոր երեխաների համար՝ թե հեռավոր համայնքներում, թե՝ մայրաքաղաքներում՝ «Եղիր հերոս քո դպրոցում և համայնքում» խորագրով։
Երեխաները, ուսուցիչներն ու ծնողները պետք է տիրապետեն այդ գիտելիքներին՝ ավելի պատրաստված, դիմակայուն լինելու, իրենց և իրենց մտերիմներին անհրաժեշտության դեպքում օգնելու համար։
Այդ կապակցությամբ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը սեպտեմբեր ամսվա ընթացքում Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներում և հանրային վայրերում կկազմակերպի իրազեկման միջոցառումներ և ցուցադրական դասընթացներ։ Միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 10-ին Սյունիքում, Լոռիում և Շիրակում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ամեն տարի վնասվածքների պատճառով մահանում է 950 000 երեխա։
• Այդ մահերի մոտ 90 տոկոսի կամ 830 հազարի պատճառը պատահական վնասվածներն են՝ կենցաղային պատահարներ, ջրահեղձություն, այրվածներ, վթարներ։
• Տանը և դրա շրջակայքում հայտնաբերված նյութերը հաճախ թունավորումների պատճառ են դառնում։ Տարեկան թունավորումից մահանում է ավելի քան 45 000 երեխա և դեռահաս, այսինքն՝ օրը շուրջ 123 երեխա։
• Ճանապարհատրանսպորտային պատահարները 10-ից 19 տարեկան երեխաների մահվան հիմնական պատճառն են։ Ամեն տարի ավելի քան 260 000 երեխա մահանում է ճանապարհներին ստացած վնասվածքներից՝ օրը շուրջ 718 երեխա։ Մոտ 10 միլիոնը ստանում են ոչ մահացու վնասվածքներ։
✔ Արդեն երկար տարիներ է, ինչ Առաջին օգնությունը Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) ռազմավարական ուղղություններից է:
✔ ՀԿԽԸ-ն միակն է երկրում, որ Առաջին օգնության Եվրոպական խորհրդատվական կենտրոնի չափանիշներին համապատասխան դասընթացներ է իրականացնում տարբեր տարիքային և մասնագիտական խմբերի համար՝ արտակարգ իրավիճակներից և դժբախտ պատահարներից բնակչության խոցելիությունը նվազեցնելու նպատակով:
✔ ՀԿԽԸ Առաջին օգնության ուսումնամեթոդական կենտրոնի մասնագետներն իրականացնում են նաև ԱՕ սպասարկում զանգվածային միջոցառումների ժամանակ, ինչպես նաև ծրագրեր` ուղղված երեխաների անվտանգ վարքագծի դաստիարակմանը:
✔ Ամեն տարի ամբողջ աշխարհում Ազգային ընկերություններն ուսուցանում են ավելի քան 20 միլիոն մարդու։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Հայաստանում իրականացնում է ԱՕ բոլոր դասընթացների 83 տոկոսը։
Commentaires