ԱԺ նախագահ եք, ասելիք չունե՞ք Գորիս-Կապան ճանապարհով երթևեկողներին․ Գրիգորյանը՝ Սիմոնյանին
- Sep 13, 2021
- 1 min read

Անվտա՞նգ է արդյոք մեր հայրենակիցների համար Գորիս-Կապան ճանապարհով երթևեկելը։ Այսօր խորհրդարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին նման հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ունի նույն ինֆորմացիան, ինչ մյուսներն, ուստի զերծ կմնա մեկնաբանելուց։
«Մենք որդեգրել ենք բաց աշխատելու քաղաքականությունը, և իրականությունն ու պաշտոնական տեղեկությունը նույնն են»,- նշեց նա։
Նա հավելեց, որ եթե ավելին իմանար, ուղիղ եթերով չէր ասի։
Աննա Գրիգորյանն էլ հակադարձեց, որ մեր հայրենակիցները հենց այս պահին էլ երթևեկում են այդ ճանապարհով։
«Ասում եք՝ բաց եք, բայց հենց Դուք եք, որ բանավոր համաձայնություններով Կովսականն ու Սանասարը հանձնել եք Ադրբեջանին։ Այսօր ադրբեջանցիները ոստիկանական կետ են տեղակայել, և մենք կարծում ենք՝ էլի կա բանավոր համաձայնություն»,- ասաց նա։
Նա հարցրեց, թե ի վերջո, որպես ԱԺ նախագահ, Ալեն Սիմոնյանը որևէ ասելիք չունի՞ Գորիս-Կապան ճանապարհով երթևեկողներին։
Comments