ԱՄԷ-ն Հայաստանի համար կարևոր գործընկեր է. Սիմոնյանը` Էմիրությունների Դաշնային խորհրդի նախագահին
- Sep 7, 2021
- 1 min read

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հանդիպեց Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղաբաշին: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Արաբական Ծոցի երկրների, մասնավորապես՝ ԱՄԷ-ի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանը, ուշադրության կենտրոնում պահում տարածաշրջանի քաղաքական և տնտեսական գործընթացները:
Ալեն Սիմոնյանը փաստել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի համար կարեւոր գործընկեր է եւ առանձնակի նշանակություն ենք տալիս մեր բարեկամությանը, ինչպես նաեւ բազմոլորտ համագործակցության խորացմանը: Նա կարևորել է ԱՄԷ հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում՝ բարձր գնահատելով իրենց երկրի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրում:
Նա գոհունակությամբ արձանագրել է, որ մեր երկրների միջև ակտիվ է քաղաքական երկխոսություն տարբեր մակարդակներում: Բազմակողմ հարթակներում համագործակցությունը կրում է համակարգված բնույթ: Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա, որն առկա է քաղաքական, տնտեսական, մշակութային, ռազմատեխնիկական, վերականգնվող էներգետիկայի, ավիացիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրատնտեսական, կրթության և այլ ոլորտներում»:
Comments