top of page

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում կայացավ Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված ընդունելություն

  • Oct 1, 2021
  • 1 min read


Ս.թ. սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում կայացավ ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին, որին ներկա էին ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության, մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան, կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը, Ջեքի Սփիրը, Պետքարտուղարության և այլ պետական կառույցների պաշտոնյաներ, Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ, Հայ Առաքելական եկեղեցու և ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:


Ընդունելության սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով զոհված զինվորների և քաղաքացիական անձանց հիշատակը:


Այնուհետև դեսպան Մակունցն իր ելույթում անդրադարձ կատարեց անկախության երեսուն տարիների ընթացքում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և արձանագրված ձեռքբերումներին՝ առանձնահատուկ կարևորելով վերջին տարիներին ժողովրդավարական արժեքների ամրապնդումը Հայաստանում:


Դեսպանը կարևորեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում վերջնական կարգավորումը՝ հիմնված ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա: Նա նաև իր երախտագիտությունը հայտնեց ամերիկյան կողմին՝ այս տարվա հունիսին 15 հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ գործադրած միջնորդական ջանքերի համար:


Ելույթում շեշտադրվեցին նաև երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը միտված քայլերը՝ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում:


Պետքարտուղարի տեղակալ Ու. Զեյան իր ուղերձում անդրադարձավ 44-օրյա պատերազմին՝ ցավակցելով զոհերի ընտանիքներին և ընդգծելով ռազմագերիների ու գերեվարված այլ անձանց վերադարձի անհրաժեշտությունը: Նա կարևորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Տկն․ Զեյան անդրադարձավ նաև Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը՝ այս համատեքստում կարևորելով վերջին շրջանի ձեռքբերումները:


Կոնգրեսի՝ հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Փալոնն ու Սփիրը խոսեցին երկու երկրների միջև առկա հարաբերությունների ակտիվացման, Արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորման մասին՝ կարևորելով միջխորհրդարանական համագործակցությունը:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page