Ավանեսյանն արդյունավետ է համարում 14 օրը մեկ մարդկանց պարտադիր թեստավորվելու պահանջը
- Oct 16, 2021
- 1 min read

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը արդյունավետ է համարում նախարարության՝ 14 օրը մեկ մարդկանց պարտադիր թեստավորվելու պահանջը: Նախարարությունն այժմ ուսումնասիրում է այլ երկրներում թեստավորումների պարբերականությունը և չի բացառում, որ առաջիկայում Հայաստանում պահանջեն թեստավորվել շաբաթը մեկ անգամ:
Այս մասին նախարարն ասաց հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը:
Նրա խոսքով՝ նման պահանջ սահմանելու իմաստն այն է, որ թեստավորվելուց հետո դրական պատասխան ստանալու պարագայում մարդիկ ինքնամեկուսանան, չգնան աշխատանքի, չվարակեն իրենց գործընկերներին, ընկերներին, անձանց, որոնց հետ հաղորդակցվում են:
Անդրադառնալով պատվաստումներին՝ նա տեղեկացրեց, որ հոկտեմբերի 15-ին իրականացվել է մոտ 17 հազար պատվաստում: «Սա կրկնվող ցուցանիշ է: Վերջին շաբաթվա ընթացքում նման բարձր ցուցանիշը պահպանվում է, և մենք ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթ պատվաստվողների թիվն ավելի կմեծանա»,-ասաց նա ու հավելեց, որ պատվաստումների աճին զուգահեռ մեծանում է նաև կորոնավիրուսով վարակվածների թիվը:
コメント