Վիրուսի տարածման միակ մեղավորն առողջապահության նախարարությունն է․ քաղաքացի
- Oct 18, 2021
- 1 min read

Մի խումբ քաղաքացիներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում առողջապահության նախարարության դիմաց։ Նրանք նշում են, որ չի կարելի աշխատանքից ազատելու սպառնալիքով մարդկանց ստիպել պատվաստվել։
«Երբ առողջապահության նախարարը վարչապետի մոտ լացակումած տոնով ասում է, թե մի խումբ քաղաքացիներ խանգարում են պատվաստման գործընթացին, պետք է հասկանա, որ առաջին հերթին անհրաժեշտ է պայքարել իրենց սխալ քաղաքականության դեմ»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Նրա խոսքով՝ սխալ է, որ վարակված մարդուն տասը օր թողնում են հերթի մեջ, ապա նոր տանում հիվանդանոց և նշում, թե Հայաստանում ծանր վիճակ է։
«Նախարարությունը սուտ քարոզ է իրականացնում, ապատեղեկատվություն է տալիս։ Օրինակ՝ ասվում է, որ պատվաստանյութը վնաս չի հասցնում հղիներին, սակայն, «Սպուտնիկ V»-ի ներդիրում նշված է, որ հակացուցված է պատվաստանյութը հղիներին ու կերակրող մայրերին»,- ասաց նա։
Քաղաքացին նշեց, որ առողջապահության նախարարությունը ապակողմնորոշում է քաղաքացիներին, և հենց իր վարած սխալ քաղաքականության հետևանքով է վիրուսը տարածվում։
Ըստ նրա՝ վարակի հիմնական աղբյուրը գումարն է, բայց փողերի ախտահանում չի արվում։
Comments