ՀՀ անձնագրերի դիզայնը կփոխվի. հայտարարվել է մրցույթ
Մրցութային ֆոնդի 3 մլն 80 հազար դրամը բաշխվելու է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված աշխատանքների հեղինակների միջև:
ՀՀ ոստիկանությունը անձը հաստատող փաստաթղթերի նոր դիզայնի ընտրության նպատակով մրցույթ է հայտարարում։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Մրցույթը սկսվում է 2021 թվականի հոկտեմբերի 15-ից՝ մեկ ամիս ժամկետով:
Մասնակցել կարող են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք։ Հայտերը պետք է ներկայացվեն ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:
Նշվում է, որ դիզայներական լուծումները պետք է ներկայացվեն փակ ծրարով` էսքիզի տեսքով։ Դրանք ներկայացվում են գունավոր՝ էլեկտրոնային կրիչի, ինչպես նաև թղթի վրա։ Մասնակիցն իր համար ստեղծում է նաև 5 նիշից բաղկացած ծածկանուն՝ թվերի և/կամ տառերի համակցությամբ, որն ամրագրում է բոլոր էսքիզների վրա: Աշխատանքին կցվում է նաև հակիրճ բացատրություն՝ էսքիզում օգտագործվող պատկերների և զարդանախշերի, դրանց օգտագործման նշանակության, խորհրդի և նպատակի մասին։ Ծրարի մեջ պետք է տեղադրվեն նաև հեղինակի անձնական տվյալների (անուն, ազգանուն, հայրանուն, հասցե, հեռախոսահամար) վերաբերյալ թերթիկ և անձը հաստատող փաստաթղթի պատճենը։
Նշենք, որ մրցութային ֆոնդը կազմում է 3 մլն 80 հազար ՀՀ դրամ: Այն բաշխվելու է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված աշխատանքների հեղինակների միջև:
Comentarios