Անդրանիկ Քոչարյանը տեղյակ չէ՝ ինչ փաստաթղթի մասին էր խոսում Փաշինյանը
- May 20, 2021
- 1 min read

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Անվտանգության և պաշտպանության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղյակ չէ՝ ինչ փաստաթղթի մասին էր խոսում Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։
«Ես փաստաթղթի մասին տեղյակ չեմ, պետք է ծանոթանամ, դրա համար ինձ ժամանակ է պետք, մեր հանձնաժողովին չի տրվել այդ փաստաթուղթը»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Թե ինչպես է ծանոթանալու այդ փաստաթղթին, երբ Նիկոլ Փաշինյանն այն արդեն պատրաստվում է ստորագրել, ավելին՝ հանձնաժողովին չի ներկայացվել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, թե բոլոր միջոցներով կծանոթանա փաստաթղթին։
«Այս պահին ես տեղյակ չեմ, հաջորդ պահին տեղյակ կլինեմ, վարչապետը տիրապետում է փաստաթղթի բովանդակությանը, նիստից իմացա, որ նման փաստաթուղթ կա, դա առաջարկ է, որտեղ վարչապետը խոսել է առաջարկի մասին։ Կարծում եմ՝ ընթացքում դուք կունենաք տեղեկատվություն, թե ինչ փաստաթուղթ է, ինչ քննարկումներ պետք է լինեն, բնականաբար, կլինեն նաև աշխատանքային քննարկումներ, թե ինչ ճանապարհով՝ կտեսնենք, թե որ ճանապարհն է պատգամավորին տալիս թույլտվություն»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տարածած հակահայկական փաստաթղթին, որը, ըստ Մինասյանի, պատրաստվում է ստորագրել Փաշինյանը։
«Այն լուծումները, որոնք մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, ըստ նախնական համաձայնության, 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին: Եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն օգտագործի, և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ապա այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»,- իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը։
Միքայել Մինասյանն էլ նիստից հետո գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով․ «Եթե «ծածկված տեքստն անհարգալից վերաբերմունք էր», հրապարակի՛ր չծածկվածը, վիժվա՛ծք»։
Comentarios