top of page

Անկախության 30-ամյակը՝ քաղաքական և պատմական կարևոր հանգրվան. վերլուծություն

  • Sep 21, 2021
  • 2 min read


Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակը կարևոր քաղաքական, պատմական հանգրվան է՝ լի ձեռքբերումներով, հաղթանակներով, ցավալի բացթողումներով: Անկախության հռչակումն անբաժանելի մասն է կազմում արցախյան շարժման, որն իր գագաթնակետին հասավ 1988թ.-ին:


Արցախյան շարժումն իր հետ բերեց համազգային միավորման, հոգևոր վերածննդի նոր շրջան։ Այն հարյուրհազարավոր հայերի մղեց դեպի հրապարակներ: Անկախության հռչակումը թույլ տվեց աշխարհով մեկ սփռված Սփյուռքին մնալ հայ․ ունենալ պետականություն, պատմական հայրենիք և հպարտության նոր խորհրդանիշ՝ անկախ Հայաստանի Հանրապետություն: Անկախ Հայաստանը բախվեց մի շարք խնդիրների՝ հայ-ադրբեջանական հակամարտություն, Սպիտակի երկրաշարժի՝ դեռևս բաց վերքեր, շրջափակում՝ տնտեսական կոլապս ու հայ փախստականների հոսք Ադրբեջանից Հայաստան:


Անկախության հռչակումն ուղեկցվում էր պատերազմական գործողություններով։ Արցախյան պատերազմը դարձավ լուրջ փորձություն ամբողջ հայության համար Սփյուռքում, Հայաստանում և Արցախում: Միասնական պայքարի, պետականությունը փրկելու և նորից չցեղասպանվելու գաղափարը թույլ տվեց հաղթել առաջին արցախյան պատերազմում: Շուշիի ազատագրումը դարձավ հաղթանակների խորհրդանիշ և մեկնարկ:


Անկախության շրջանում Հայաստանը կարողացավ կառուցել մարտունակ բանակ, ամրապնդել հայ-ռուսական դաշնակցային կապերը․ դա Հայաստանի տարածքային ամբողջականության և հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության լրացուցիչ, կարևոր գործոններից է, ինչպես նաև Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության խորացումը:


Չնայած բազմաթիվ ձեռքբերումներին՝ նորանկախ Հայաստանն ունեցավ նաև բացթողումներ, որոնցից ամենացայտուն օրինակը 44-օրյա պատերազմի հետևանքն է: Անկախության շրջանում անհրաժեշտ էր շեշտը դնել Հայաստանի ինքնաբավության մակարդակի բարձրացմանը ռազմական, տնտեսական, ժողովրդագրական, արտաքին քաղաքական առումներով:


Հզոր տնտեսություն չկառուցվեց․ դա ուղիղ կերպով ազդեց բանակի արդիականացման տեմպերի, արտագաղթի վրա․ ժողովրդագրական վիճակը գնալով վատթարացավ:


Արտաքին քաղաքական առումով Հայաստանը խորացրեց կապերը միայն մեկ ուժային կենտրոնի՝ ՌԴ-ի հետ: Արտաքին քաղաքականությունը պետք է լիներ դիվերսիֆիկացված՝ ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ կապերի խորացմանը զուգահեռ անհրաժեշտ էր ներգրավել հայկական տնտեսության մեջ նաև արևմտյան, չինական, իրանական ներդրումներ՝ լիարժեք օգտագործել Սփյուռքի մարդկային, ֆինանսական ահռելի ներուժը:


Արցախյան 44-օրյա պատերազմը, չնայած ցավալի արդյունքներին, շանս է տալիս շտկել այն բացերը, որոնք առկա են պետական բոլոր ինստիտուտներում: Անհրաժեշտ է ոչ թե ընկճվել պատերազմի արդյունքներից՝ հիասթափվել և արտագաղթել, այլ սկսել նոր էջից՝ վերազինել բանակը, շարունակել Արցախին տրամադրվող աջակցությունը, ՌԴ-ի հետ խորն ինտեգրացիայի շնորհիվ հզորացնել տնտեսությունն ու դիմագրավել Թուրքիա-Ադրբեջան դաշինքի քաղաքականությանը:


Աշխարհում կան բազմաթիվ ազգեր, որոնք չունեն պետականություն: Հայ ազգը պետք է պահպանի, պաշտպանի իր անկախությունը, սիրի Հայրենիքն ու լինի պետականության գաղափարը կրող ազգ:


Անկախությունը շատ թանկ հաճույք է՝ ռազմական, քաղաքական, տնտեսական առումներով: Միայն համազգային միասնության, համերաշխության և ներքին խրամատներ չկառուցելու միջոցով է հնարավոր ունենալ հզոր, անկախ և համայն հայության հպարտության խորհրդանիշ Հայաստանի Հանրապետություն:


Արտյոմ Բալասանով





Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page