Հ1-ն արդեն «պողպատե մանդատով» պրոպագանդիստական հարթակ է. «Antifake»
- Jun 24, 2021
- 2 min read

Հունիսի 21-ին Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» թողարկման ընթացքում հրապարակվել է մի ռեպորտաժ, որը խոսում է ընտրությունների ավարտի, «քրեաօլիգարխիկ ռեժիմի» և «հակահեղափոխականների պարտության» մասին:
Լրագրող Լիլիթ Դանիելյանի ռեպորտաժում հիմնական գործող անձը քաղաքագետ Էդգար Վարդանյանն էր: Լրագրողի մեկնաբանությունները ընդմիջվում էին քաղաքագետի ուղիղ խոսքով:
Սակայն «Լուրերի» թողարկման ընթացքում հեռարձակված ռեպորտաժի միակ առանձնահատկությունն այն է, որ այդպես էլ հասկանալի չէ, թե որտեղ է վերջանում քաղաքագետի, որտեղ` լրագրողի խոսքը: Հոլովակը, սակայն, առավել նման է հարցազրույցի, քան ռեպորտաժի:
Դեռևս արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է ցուցադրել «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզչական հոլովակը` պատճառաբանելով, որ այն պարունակում է վիրավորանք և զրպարտություն: Հետաքրքիր է, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներն ու մուրճ ճոճելը հրապարակած Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել էր հրապարակել քարոզչական տեսահալովակը` գրաքննության ենթարկելով:
Վերոնշյալ ռեպորտաժում և՛ լրագրողի, և՛ բանախոսի կողմից լսում ենք. «հակահեղափոխականություն», «նախկին ավտորիտար, քրեաօլիգարխիկ համակարգի վերադարձ» նույնաբովանդակ բառերը, որոնք և՛ վիրավորանք, և՛ զրպարտություն են պարունակում:
Ռեպորտաժի այլ հատվածում լրագրողը մեջբերում/ նշում է, որ «իշխանության կուսակցության համոզիչ հաղթանակը պայմանավորված էր նրանով, որ քաղաքացիները 3 տարի ականատես են եղել, որ ՔՊ վերնախավը չի օգտագործում պաշտոնը հարստանալու համար»:
Ե՛վ լրագրողին, և՛ քաղաքագետին կարելի է հիշեցնել, թե ինչ կոռուպցիոն սկանդալների մեջ են հայտնվել իշխող ուժի` տարբեր պաշտոններ զբաղեցնող անձինք: Նրանցից շատերը նաև դատապարտվել են` կաշառքներ ստանալու համար: Ավելորդ չէ նաև հիշեցնել, թե ինչպես են զարտուղի ճանապարհներով ֆինանսավորվում Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամները:
Հետաքրքիր է նաև լրագրողի այն պնդումը, թե այս ընտրությունների շրջանում ընտրախախտումներով աչքի է ընկել ոչ թե իշխանությունը, այլ ընդդիմությունը: «Ընտրությունները բացառիկ է գնահատում քաղաքագետ Վարդանյանը նրանով, որ չարաշահումներ, ընտրախախտումներ արել է ոչ թե իշխանությունը, այլ ընդդիմությունը»,- մեջբերում է լրագրողը: Խոսքերին զուգահեռ` ռեպորտաժում տեղ է գտել այն տեսանյութը, որում իշխանամետ ՀԿ-ական դիտորդ Դանիել Իոաննիսյանը պոկել էր ընտրատեղամասի քվեատուփի կապարակնիքն ու խախտում արել: Լրագրողը այստեղ ևս մոռանում է բուն ընտրությունների օրը բազմաթիվ ահազանգերի, խախտումների, ուղղորդված քվեարկության մասին և ընտրակեղծիքների ամբողջ «մեղքը» գցում ընդդիմության վրա:
Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է իշխանությունների մասնավոր հեռուստաընկերություն լինելու իր գործելաոճը:
Comments