ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի հետ մեր երկխոսությունը շարունակվում է․ Արարատ Միրզոյան
- May 25, 2021
- 1 min read

Խորհրդարանական դիվանագիտությունը, ինչպես այս դժվար հարցում, այնպես էլ մյուս հարցերում, գործում է իր հնարավորությունների և ուժերի ողջ ծավալով և նույնիսկ ծավալից անդին: Այս մասին ԱԺ ելույթի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Մոսկվայում ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը, և դիտարկմանը, թե ՌԴ-ն իր ռազմավարական դաշնակցի առջև ստանձնած պարտավորությունները չի կատարում՝ Սյունիքում առաջացած ճգնաժամը հաղթահարելու առումով։
«Մեր պատգամավորները, բարեկամական խմբերը, պատվիրակությունները չափազանց ակտիվ են այս հարցում: Գործադրվում են բոլոր ջանքերը միջազգային հանրության ուշադրությունն այս հարցի վրա սևեռելու, այն մոռանալ չտալու և լուծումներ գտնելու ուղղությամբ: Այդ ջանքերի արդյունքները արտահայտվում են հայտարարությունների և բանաձևերի տեսքով»,- ասաց Միրզոյանը:
ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանն ունի անվտանգային հարցերին առնչվող միջազգային պայմանագրեր՝ երկկողմ, բազմակողմ.
«Չեմ կարծում, որ մեր դաշնակից պետությունները չեն կատարելու իրենց պարտավորությունները: ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի հետ մեր երկխոսությունը շարունակվում է: Կարծում եմ՝ պետք է պահպանել լավատեսությունը։ Միշտ չէ, որ այսպիսի բարդ հարցերը լուծվում են կայծակնային արագությամբ, և, երբեմն սառնասրտությունը և համբերատար աշխատանքն ավելի արդյունավետ են և ցանկալի»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ միջազգային հանրությունն ու ՀՀ-ն պետք է ջանքեր գործադրեն՝ րոպե առաջ այս իրավիճակը հանգուցալուծելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։
Comments