«Առանց ժողովրդի համաձայնության չստորագրել ոչ մի փաստաթուղթ». Արա Զոհրաբյան
- May 20, 2021
- 1 min read

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության համահիմնադիր Արա Զոհրաբյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ՀՀ քաղաքացիներիս պահանջատիրությունը ներկայացնելու համար ժամը 17:00-ին լինելու եմ ՀՀ կառավարության շենքի մոտ:Մտահոգ քաղաքացիները կարող են միանալ:
Հաշվի առնելով այն, որ Հայաստանում խորանում է քաղաքական, բարոյահոգեբանական ու կառավարչական ճգնաժամը, ինչի հիմնական պատճառը ժամանակավոր պաշտոնակատարների կառավարության կողմից վարվող ապաշնորհ քաղաքականութունն է, որի հետևանքները մեր պետության առաջ ծառանում են նորանոր սպառնալիքներով ու մարտահրավերներով, անկախ քաղաքական և հասարակական այլ բնույթի հարցերով քաղաքական և հասարակական միավորների հայացքների տարբերություններից, ելնելով պետականությունը փրկելու անհրաժեշտությունից, սույնով պահանջում ենք՝
1. Պետական բոլոր պաշտոնատար անձանցից՝ առանց նախնական հանրային քննարկման և ժողովրդի համաձայնության չստորագրել որևէ փաստաթուղթ, որը վերաբերելու է Հայաստանի Հանրապետության, Արցախի և Ադրբեջանի միջև վեճերին, այդ թվում՝ տարածքներին, սահմաններին, տրանսպորտային կամ այլ կապերին:
2. Պաշտպանության նախարարությունից և Զինված ուժերի գլխավոր շտաբից՝ կատարել երկրի պաշտպանության ապահովման սահմանադրական պարտականությունը, այդ թվում՝ ամրացնել հայ- ադրբեջանական շփման գծում դիրքերը:
3. Պետական բոլոր պաշտոնատար անձանցից՝ ժողովրդի հետ խոսել միայն ճշմարիտ տեղեկություններով, հեռու մնալ ստահոդ լուրեր տարածելու (ստելու) քաղաքականությունից:
Վերոհիշյալ երեք պայմանների մասով իրավասու պաշտոնատար անձանց կողմից ողջամիտ ժամկետում պաշտոնական հավաստիացումներ չստանալու դեպքում, պահանջում ենք վարչապետի պաշտոնակատարի, Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունների անհապաղ դադարեցումը:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմին
Comentários