top of page

Արբաթ համայնքում 5 օր է՝ խմելու ջուր չկա․ «Վեոլիա ջրից» չեն կարող ասել, թե երբ կկարգավորեն խնդիրը

  • Jun 17, 2021
  • 1 min read


MediaHub.am- ը քաղաքացիներից ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Արբաթ գյուղում արդեն գրեթե մեկ շաբաթ է, ինչ խմելու ջուր չի մատակարարվում բնակիչներին։


«Էս շոգին մարդկանց թողել են առանց ջրի․ ոչ խմելու ջուր կա, ոչ կարողանում ենք լողանալ։ Առանց այն էլ ջրի որակը լավը չէ, չենք կարողանում խմելու համար օգտագործել»,- մեզ հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը՝ ընդգծելով, որ այս օրերին բազմիցս զանգահարել են «Վեոլիա ջուր» ընկերություն, սակայն հստակ պարզաբանում չեն ստացել։


«Վեոլիա ջուր» ընկերության մամուլի բաժնի աշխատակից Մուրադ Սարգսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ խնդրին տեղյակ են։


«Հարցը ջրամատակարարման հետ չէ կապված, այլ ջրի պոմպի խնդիր կա, որը մի քանի օր է՝ փորձում ենք կարգավորել»,- ասաց նա։


Մուրադյանը չկարողացավ հստակ ժամկետ նշել, թե երբ կվերականգնվի ջրամատակարարումը, իսկ Արբաթ համայնքի ղեկավար Արայիկ Պետրոսյանը հայտնեց, որ քիչ առաջ խոսել է տեղում աշխատանքներ իրականացնողների հետ։


«Պոմպը փչացել էր, նորոգել էինք, կրկին փչացել է, հիմա գործ ենք անում։ Այս պահին ընդանրապես ջուր չունենք։ Քիչ առաջ եմ զանգահարել, ասացին աշխատում են այդ ուղղությամբ»,- ներկայացրեց Պետրոսյանը։


Մեր հարցին, թե ջրամատակարարումը վերականգնելը օրերի՞, թե՞ ժամերի հարց է՝ Պետրոսյանը արձագանքեց․ «Կնորոգենք ու որքան հնարավոր է՝ շուտ կմիացնենք»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page