top of page

«Ադրբեջանի գործողություններն ակնհայտ ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ». Արման Աբովյան

  • May 14, 2021
  • 2 min read


ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն արտահերթ նիստի ժամանակ ներկայացրեց սահմանամերձ գոտիներում, մասնավորապես Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ ԱԺ հայտարարությունը։


Հայտարարությունում մասնավորապես նշվում է.


«ՀՀ Ազգային ժողովն արձանագրում է, որ 2021թ.-ի մայիսի 12-ին Սյունիքի մարզի Սև լիճ տարածքի ուղղությամբ ադրբեջանական զինուժն իբր սահմանների ճշգրտման և որոշակի աշխատանքներ Սյունիքի հատվածներից մեկում կատարելու պատրվակով ներթափանցել է Հայաստանի Հանրապետության տարածք՝ մի քանի կմ խորանալով դեպի Վերիշեն բնակավայր։ Ադրբեջանական զինուժի մի քանի հարյուր ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել ՀՀ տարածքում՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում։


ՀՀ ԱԽ-ի նիստում արձանագրվել է, որ արդեն երրորդ օրն է Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում ճգնաժամային իրավիճակ է։ Ադրբեջանական զինուժի այս գործողություններն անընդունելի են ՀՀ-ի համար, դա ակնհայտ ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և ՀՀ-ն որևիցե դեպքում չի հանդուրժի ստեղծված իրավիճակը։


Հաշվի առնելով Ադրբեջանի վարած հակահայկական ռազմատենչ քաղաքականությունը՝ Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջին շրջանում ՀՀ-ի տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ նկրտումները, այդ թվում ուժի կիրառման սպառնալիքներ պարունակող բազմաթիվ հայտարարությունները, ինչպես նաև տասնամյակներ շարունակ պետական մակարդակով քարոզվող հայատյացությունը, ՀՀ ԱԺ-ն խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները և փաստում, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչը ՀՀ-ին իրավունք է վերապահում իրականացնել ՀՀ սահմանադրությամբ և օրենսդրությամբ նախատեսված համարժեք գործողություններ։


ԱԺ-ն՝ որպես ՀՀ ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմին, հայտարարում է՝ ձեռնարկելու են վճռական կոշտ գործողություններ Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու և ՀՀ ժողովրդին ու ինքնիշխան տարածքը պահպանելու նպատակով։ Կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի կողմից ՀՀ-ի տարածքային ամբողջականության դեմ ուղղված սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքներն ու փաստացի գործադրումը, որը սպառնում է տարածաշրջանային փխրուն խաղաղությանն ու անվտանգությանը»,-նշեց Արման Աբովյանը։


ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է արտահերթ նիստում ընդունել այդ հայտարարությունը։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page