top of page

Ադրբեջանը ենթակառուցվածքային ճնշում է կիրառում հայկական պետությունների նկատմամբ. Աշոտյան

  • Aug 6, 2021
  • 1 min read


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Ադրբեջանը պատրաստվում է ճանապարհներով խեղդել մեզ:

Մինչ դավադիր իշխանությունները ամենաանհեթեթ պատճառաբանություններով տապալեցին Ազգային Ժողովում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծման մեր առաջարկը՝ Ադրբեջանը, բացի քաղաքական, դիվանագիտական, ռազմական ճնշումներից, նաև ենթակառուցվածքային ճնշում է կիրառում հայկական պետությունների նկատմամբ՝ իր կոմունիկացիոն ճիրանները պարուրելով Արցախի և Սյունիք շուրջ։


Մեզ համար այս իրավիճակը մի քանի լրջագույն մարտահրավերներ է պարունակում.


1. Արցախի ներսում կոմունիկացիաները խզված են, Արցախի մնացած ճանապարհների հետպատերազմյան ենթակառուցվածքը այնպիսին է, որ Արցախի մի կետից մյուս կետ հասնելու համար մեծ խոչընդոտներ է պետք հաղթահարել։ Նախկինում եղած ճանապարհների մի զգալի մասը այլևս մեր վերահսկողության տակ չէ, իսկ մյուս մասից միայն ռուս խաղաղապահների կարգավորիչ դերակատարությամբ կարելի է օգտվել։


2. Սյունիքում սեփական միջանցքն ունենալու Ադրբեջանի հետևողական և ագրեսիվ քայլերը:


3. Այս քարտեզից ակնհայտ է, որ ադրբեջանական պրոյեկտների հիմնական ուղղությունները գնում են դեպի Շուշի և Լաչին, ինչը նշանակում է, որ Հայաստանը Արցախի հետ կապող պորտալար Լաչինը և ռազմավարական նշանակության Շուշին ադրբեջանցիները մաքսիմալ ամրապնդում են։


4. Կա վտանգավոր հեռանկար, որ այս ամենը իրենք հետագայում կպցնելու են Սյունիքով դեռևս մարտին իմ կողմից բարձրաձայնված Նախիջևան-Սիսիան-Գորիս-Լաչին ավտոճանապարհին։ Հայաստանը ոչ թե օգտվելու է տարածաշրջանային «ապաշրջափակումից», այլ ընդամենը տարածք է դառնալու, որը ծառայելու է թուրք-ադրբեջանական ենթակառուցվածքային նախագծերին։


Ուշագրավ է, որ հիմնական այս նոր ադրբեջանական ճանապարհները Բաքուն նպատակ ունի ավարտին հասցնել մինչև 2024 թվականը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստվում է ռուսական խաղաղապահների մանդատի ժամկետի ավարտին ենթակառուցվածքային առումով պատրաստ լինել և փաստի առաջ կանգնեցնել ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Հայաստանին։


Հայաստանում մինչև իշխանափոխություն չլինի, այս խնդիրների խորքային գիտակցումը չի լինելու»:



コメント


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page