«Իմ դեմ կարված գործը փուչիկ է, որը պայթելու է մի օր». Արմեն Չարչյան
- Jun 20, 2021
- 1 min read

Արմեն Չարչյանը հայտնում է, որ երբ ձերբակալված է եղել` 37 տարվա իր աշխատանքային գործունեության ընթացքում առաջին անգամ 2 գիշեր հանգիստ քնել է. հեռախոսն առգրավված էր, ոչ մի կապի միջոց չկար։
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը բացարձակապես անընդունելի է համարում իրեն վերագրվող մեղադրանքի կասկածը։ Չարչյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց այդ մասին` հավելելով, որ բավականաչափ լավ տիրապետում է օրենքներին և որևէ օրենքի խախտում չի կատարել։
«Գործը, որը կարվել է իմ դեմ, իր մեջ նյութ չի պարունակում, բացի օդից։ Այդ գործը փուչիկ է, որը պայթելու է։ Այս ամենը նշանակում է, որ եղել է հստակ հրահանգ, որպեսզի ինձ ձերբակալեն։ Ասեմ, որ սա ինձ մեծ պատիվ է բերում, քանի որ եթե ես այդքան մեծ վտանգ եմ ներկայացնում ինձնից, ապա դա ինձ համար պատիվ է»,–ասաց Չարչյանը։
Նրա խոսքով` գործը բացառապես քաղաքական երանգ ունի և կախված է իր քաղաքական դիրքորոշումից։ Ավելին, նա խոստացավ գործին առնչվող նոր բան հայտնլ, սակայն երկու օրից։ Չարչյանը շնորհակալություն հայտնեց իրավապահներից, որոնց հետ շփվել է` ասելով, որ երբեմն նրանք անգամ ջերմ են եղել իր հանդեպ։
Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ անանուն հաղորդումը չի հանդիսանում քրգործ հարուցելու առիթ։ Դրա համար պետք է կատարվեն ստուգողական գործողություններ և միայն դրանից հետո արձանագրված արդյունքները կարող են քրգործի առիթ դառնալ։ Այսինքն` օրինական կերպով քրգործ հարուցելու մասին խոսք չկա։
Comments