Կորում է հայկական աշխարհի միասնությունը. Արմեն Գևորգյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
- Jul 5, 2021
- 1 min read

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն իր տելեգրամյան ալիքում գրել է.
«Շնորհավորում եմ բոլորին Սահմանադրության օրվա առթիվ:
Կարդացի 30 հասարակական կազմակերպությունների հայտարարությունը գերակա խնդիրների և գործունեության ուղղությունների վերաբերյալ: Հասկացա, որ Նիկոլի հասարակական գործընկերները դասեր չեն քաղել անցած երեք տարիներից: Երկիրը կրկին տանում են ներքին առճակատումների՝ առաջարկվում է արհեստական զարգացման օրակարգ`անցումային արդարադատության, դատարանների զտման և սահմանադրական բարեփոխումների տեսքով: Այժմ այս օրակարգում են հայտնվել նաև տեղական ինքնակառավարման մարմինները: Փաստորեն Նիկոլի պոպուլիստական իշխանությունը պետք է վճռականորեն հաստատվի ոչ միայն Կառավարությունում և խորհրդարանում, այլև դատարաններում և համայնքներում:
Ոչինչ այն մասին, թե ինչպես բարելավել երկրում կառավարման որակը և քաղաքացիների բարեկեցությունը, ինչպես վերականգնել հասարակական համերաշխությունը ու խաղաղությունը երկրում պատերազմից հետո, ինչպես ապահովել տնտեսական աճը և ինչ անել նոր օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար: Առաջարկվող օրակարգը ճանապարհ է դեպի նոր պարտություններ և կապիտուլիացիաներ արտաքին թշնամիների առջև:
Մենք չենք մտածում ինչպես նվազեցնել երկրում աղքատության աճի ինտենսիվ տեմպերը, որը կբարդանա գյուղատնտեսության աղետալի իրավիճակով, ինչպես խուսափել կրթական վերջնական դեգրադացիայից, ինչպես կասեցնել երկրում միգրացիայի աճող տեմպերը և խուսափել դեմոգրաֆիկ արհավիրքից, ինչպես ստեղծել սեփական սահմանների պաշտպանության արդյունավետ համակարգ: Բայց ավելի կարևոր է գնահատել անցյալը և նախկինների գույքը խլել: Դրանով կարելի է տեսարաններ ապահովել, բայց հաց չի լինի:
Ակնհայտ է նաև, որ կորում է հայկական աշխարհի, այսպես կոչված, միասնությունը: Նիկոլի եռամյա կառավարումը նոր էներգիա չհաղորդեց հայկական աշխարհին: Սփյուռքը սկսեց ավելի հեռանալ պատմական հայրենիքից, և նոր գլոբալ աշխարհում հայերի ուծացման ռիսկերը ավելի զգալի դարձան: Սեփական ժողովրդով և ազգային պետությամբ հպարտության օբյեկտիվ պատճառների բացակայությունը խորացնում է ազգային ինքնության ճգնաժամը, իսկ պատմական անցյալն ու ավանդույթները քայքայվում են կեղծ-հայրենասիրական գաղափարախոսությամբ»:
Comentários