Մեղադրանքը ամբողջությամբ ապօրինի է․ Արմեն Գևորգյանի փաստաբան
- May 20, 2021
- 1 min read

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել։ Վերջինս չի ընդունում մեղադրանքը և չի պատրաստվում ստորագրել փաստաթուղթը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ ապօրինի որակելով դատարանի կողմից հրապարակված որոշումը։
«Սույն քրեական գործով դեռևս 2020 թվականի ապրիլի 16-ից կատարվել են բազմաթիվ ապօրինություններ։ Այս գործով որևէ մեկը, այդ թվում՝ պարոն Գևորգյանը չի ունեցել անգամ կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ, սակայն թե՛ նրա և թե՛ նրա բարեկամների ամբողջ գույքի վրա դրված էր կալանք »,- նշեց փաստաբանը։
Ալեքսանյանի խոսքով՝ նույնիսկ պատկան մարմիններն են հասկանում, որ այն, ինչ կատարվում է այս քրգործի շրջանակներում, անօրինական է․
«Առաջադրված մեղադրանքը վերաբերում է ՀՀ Քրեական օրենսգրքի 190 հոդվածին․ խոսքը փողերի լվացման մասին է։ Կրկնում եմ՝ մեղադրանքը ամբողջությամբ ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլ նաև ապօրինի է։ Մենք այս գործի հետ կապված յուրքանչյուր փաստաթուղթ բողոքարկելու ենք և իրանց գլուխը, բառիս բուն իմաստով, դնելու ենք ցավի տակ»։
Ինչպես նշեց փաստաբանը, ներկա պահին Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դրված չէ, սակայն ենթադրելի է, որ հետագայում կարգավիճակ ստանալուց հետո հարկադրանքի այլ միջոցներ կկիրառվեն, և գույքի վրա արգելանք կդրվի։
Comments