«Ադրբեջանը դիմել է սահմանային իրավիճակը լարելու նոր սադրանքի». Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն հայտարարություն է տարածել ՀՀ սահմաններից ներս ադրբեջանական գործողությունների առնչությամբ՝ շեշտելով, որ ՀՀ համապատասխան կառույցները պետք է ամենախիստ միջոցները ձեռնարկեն՝ ընդդեմ երկրի տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների, իսկ միջազգային կառույցներն առավելագույնս անհանդուրժող լինեն Ադրբեջանի գործողությունների հանդեպ:
Հայաստանի Հանրապետության սահմանների և տարածքային ամբողջականության դեմ իրականացվող տևական ոտնձգություններից և ապօրինի գործողություններից հետո այսօր Ադրբեջանը դիմել է սահմանային իրավիճակը լարելու նոր սադրանքի:
ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել հայկական զինուժի ուղղությամբ: Հայկական կողմից կա զոհ:
«Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհված զինծառայողի ընտանիքին և հարազատներին: Հորդորում եմ պետական համապատասխան կառույցներին՝ գործադրել բոլոր ջանքերը և ձեռնարկել ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների և սահմանային խախտումների»,- գրել է նա։
Comments