Արցախցիները կարող են դիմել նախընտրած բժշկին և բուժվել անվճար. ԱՀ առողջապահության նախարարություն
- Jul 22, 2021
- 1 min read

ԱՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ի գիտություն մեր հայրենակիցների՝ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փոփոխություններ են կատարվել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կցագրման ծրագրում:
Հուլիսի 1-ից մեկնարկած նոր ծրագրով՝ յուրաքանչյուր քաղաքացի ազատ է, անկախ հաշվառման վայրից, դիմել իր նախընտրած բժշկին և ստանալ անվճար բուժօգնություն:
ԱՀ յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև ԱՀ-ում փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող յուրաքանչյուր անձ պետական պատվերի շրջանակներում, պետության կողմից երաշխավորված անվճար առողջության առաջնային պահպանման ծառայություններ է ստանում միայն ԱԱՊ բժշկի մոտ, որը ինքը կընտրի կամավոր և որի մոտ ինքը կգրանցվի: Անձը պետք է ներկայացնի անձնագիր, սոցիալական քարտ կամ նույնականացման քարտ:
Առանձին /հատուկ/ խմբին պատկանելու դեպքում ներկայացնում է այդ փաստը հավաստող փաստաթուղթը:
Սույն փոփոխությունը վերաբերում է ինչպես «Հանրապետական բժշկական կենտրոն» -ի, այնպես էլ «Արևիկ» բուժմիավորմանը»:
Comments