Արտակարգ դեպք՝ Երևանում. քաղաքացին շենքի ներսում դանակով անկանոն շարժումներ է արել և մեկուսացվել
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել բնակիչներից, որ Էստոնական փողոցի շենքերից մեկի բնակիչը գտնվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում և կարիք կա ոչ միայն փրկարարների, այլև հոգեբանի օգնության։
Նշված հասցե են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ԱԻն Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ ԱԻն հոգեբանի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։
Արդեն շենքի ներսում այդ քաղաքացին դանակով անկանոն շարժումներ է արել, և փրկարարները ստիպված նրան որոշ ժամանակ մեկուսացրել են, որից հետո փրկարար-հոգեբանի և ոստիկանների օգնությամբ նրա ձեռքից վերցրել են դանակն ու ապա տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին։
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Կայքի տեղեկություններով՝ այդ քաղաքացին նշված փողոցի բնակիչ՝ 20-ամյա Ա. Ս-ն է։
Comments