Պատերազմի վտանգը չի թուլացել. նախկին պաշտոնյան դիմել է հանրությանը
- May 13, 2021
- 2 min read

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը կարծում է, որ Արցախի մեծ մասը հանձնելուց հետո էլ պատերազմի վտանգը չի թուլացել։ Այս մասին նախկին պաշտոնյան ֆեյսբուքի իր էջում գրառում է արել։
«Արցախը հանձնելուց հետո էլ պատերազմի վտանգը չի թուլանում։ Թշնամու զինված ստորաբաժանումը հատում է ՀՀ պետական սահմանը, 3 կմ խորանում երկրից ներս, իսկ նիկոլիզմն անմիջապես հակազդելու և սահմանախախտումը կանխելու փոխարեն՝ ուշացումով անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում։ Նիկոլապատկան անգրագետ զանգվածին հանգիստ թողնենք»,- գրել է նա։
Զաքարյանը դիմել է բոլոր «նորմալ» մարդկանց՝ նշելով, որ Հայաստանի պետական անվտանգությունը վտանգված է։ Ասվածի ապացույցը, ըստ նրա, Սյունիքի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներն են։
«Դուք հո հասկանու՞մ եք ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ մենք պետական անվտանգության ոչ մի երաշխիք չունենք։ Որ երեկ Սյունիքում չեն կրակել, ու մարդ չի զոհվել, դա դեռևս չի նշանակում, որ իրավիճակի հետ պետք է հաշտվել»,- նշել է Զաքարյանը։
Նրա խոսքով՝ եթե որևէ հայ, թեկուզ փոքրիկ ջոկով, փորձի հատել Վրաստանի սահմանը՝ կարող է համաշխարհային աղմուկ բարձրացնել։
«Հենց վաղը փորձեք մի փոքրիկ ջոկով հատել մեր բարեկամ Վրաստանի սահմանը, ու տասը մետր առաջ գնալ։ Տեսեք, թե ինչ կկատարվի այդ ջոկի հետ և ընդհանրապես համաշխարհային ի՞նչ աստիճանի սկանդալ կունենանք։ Իսկ մեր «բոսյակները» սկզբում ՊՆ-ով պաշտոնապես հերքեցին թշնամու կողմից Սյունիքի մարզում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանի խախտման փաստը, այնուհետև, ԱԱԾ-ն՝ պաշտոնապես վախեցրեց ներքին լսարանին, որ «իրավական» միջոցներ կկիրառեն, եթե դրա մասին հրապարակումներ լինեն»,- հավելել է նախկին փոխնախարարը։
Նրա խոսքով՝ ավելի ուշ կատարվածը ԱԳՆ-ն որակեց որպես ադրբեջանական սադրանք ՀՀ պետական սահմանի նկատմամբ, ապա ԱԽ նիստում «կապուտուլյացված վարչապետացուն» իրավիճակը պաշտոնապես հայտարարեց ճգնաժամային։
«Նկատի ունեցեք, որ թվարկածս բոլոր կառույցները մեր երկրի անվտանգության ու տարածքային ամբողջականության առաջնային պատասխանատուներն են։
Հարգելի՛ պատիվ ունեցող, նորմալ քաղաքացիներ (կրկին նիկոլապատկան զանգվածին հանգիստ թողնենք), ինչպե՞ս անվանես այսքանից հետո այս դիլետանտ կապիտլյանտներին։ Դուք կվստահե՞ք ձեր, ձեր ընտանիքների, ու ձեր երկրի անվտանգությունը սրանց»,- ընդգծել է Զաքարյանը։
Նա հիշեցրել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին դեռ 38 օր կա և մտահոգություն հայտնել, որ այդ ժամանակահատվածում կարող են նորանոր վնասներ հասցվել Հայաստանին։
Comments