Չեմ զարմանա, եթե Ալիևը սկսի աշխարհին համոզել, որ մենք՝ հայերս, եկվորներ ենք. Զաքարյան
- Jul 15, 2021
- 1 min read

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ալիևն, իհարկե վաղուց էր բարբաջում Զանգեզուրի, Սևանի և Երևանի՝ «ադրբեջանական լինելու մասին»։ Նախկինում նրա այդ բարբաջանքներին բանի տեղ չէին դնում, որովհետև Արցախն իր շրջակայքով ամուր փակում էր դեպի Հայաստան տարածվելու ադրբեջանական ցանկացած երազանք։
2018թ- ի պետականակործան իշխանափոխությունից հետո Ալիևը ստացավ քարտ բլանշ և նոր շանս։ Թուրքիան, որը նախկինում չէր խառնվում ադրբեջանա-արցախյան կոնֆլիկտին, ևս օգտվեց Հայաստանում ստեղծված հետհեղափոխական քաոսից՝ միանալով Բաքվի ավանտյուրային։ Այդպես, Նիկոլը բացեց Թուրքիայի մուտքը Հարավային Կովկաս։
Նիկոլի ապաշնորհության արդյունքում սանձազերծված դավադիր պատերազմից և խայտառակ կապիտուլյացիայից հետո, Ալիևը բացում է նոր, շատ վտանգավոր թեմա։ Խոսելով Երևանի, Զանգեզուրի, Սևանի՝ «պատմական Ադրբեջան» լինելու և ինչ-որ կեղծ քարտեզների մասին, նա փորձում է հասունացնել նոր կոնֆլիկտ։ Այդ կերպ, կովկասյան թաթարախմբից կազմավորված Ադրբեջանը, ինքն իր համար շանս է ստանում հիմնավորելու իր հավակնություններն այս տարածաշրջանում։
Չեմ զարմանա, եթե մոտ ժամանակներս Ալիևը սկսի աշխարհին համոզել, որ մենք՝ հայերս, եկվորներ ենք և ապօրինի զավթել ենք «պատմական ադրբեջանական տարածքները», իսկ հետո ռուսների օգնությամբ այստեղ կառուցել ենք Հայաստան պետություն։ Չեմ կարծում, որ նիկոլիզմը կընդդիմանա այդ գործընթացին, որովհետև նա առանձնապես գետինը չի մտնում այն փաստից, որ Հայաստանի սուվերեն տարածքներն արդեն օկուպացված են Ադրբեջանի զինուժի կողմից։
2018թ-ին, իշխանության բերելով նիկոլիզմին, հայ ժողովուրդը թույլ տվեց չգիտակցված և շատ կոպիտ պատմական սխալ։ Այդ սխալը ճակատագրական դարձավ Արցախի և Հայոց Բանակի համար։ Այդ սխալը ծանր խարան է դառնալու ապագա սերունդների վրա։
2021թ.-ին կրկին իշխանությունը տալով կապիտուլյանտներին՝ հայ ժողովուրդը գործեց իր գիտակցված սխալը։ Այդ սխալը, արդեն ճակատագրական է դառնալու Հայաստանի համար։ Այդ գիտակցված սխալով, հայ ժողովուրդն աշխարհին ի ցույց դրեց իր ողբալի վիճակը, մառազմի հասնող քաղաքական դեբիլիզմը»։
Комментарии