top of page

Այս գումարների (պետական պարտքը) վերադարձը մնալու է մեր սերունդների ուսերին․ Ա․ Վանեցյան

  • May 25, 2021
  • 1 min read







«Այսօր Հայաստանի Հանրապետությունը գտնվում է լրջագույն անվտանգային ճգնաժամում, ունենք խարխլված անվտանգային համակարգ, և այդ համակարգը պետք է օր առաջ վերականգնվի, և մեր ժողովրդին, մեր հայրենակիցներին տրվեն երկարաժամկետ անվտանգային միջավայրի երաշխիքներ։ Բայց այդ միջավայրը վերականգնելու համար մենք բոլորս հասկանում ենք, որ պետք է ունենանք զարգացած ու մրցակցային տնտեսություն, որպեսզի այն ֆինանսները, որը կգեներացվեն տնտեսության աշխատանքի արդյունքում, դրանց մի մասը նաև օգտագործվի անվտանգային միջավայրի վերականգնման, վերազինման համար»,- այս մասին այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի նախաձեռնած կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։


Ներկայացնելով ներկա իրավիճակը՝ Վանեցյանը նշեց, որ վերջին տարիների ընթացքում՝ այսպես կոչված հեղափոխությունից հետո, իշխանության եկան մարդիկ, որոնք խոստացան աշխատավարձների, թոշակների բարձրացում ու հավաստիացրին, որ կախարդական փայտիկի միջոցով հնարավոր է փոխել Հայաստանի Հանրապետության տնտեսությունը դեպի լավը, բայց ունեցանք հակառակը։


«Աշխատավարձերի և թոշակների էական բարձրացում չեղավ։ Մեկ տարվա ընթացքում մեր արտաքին պարտքը ավելացավ շուրջ 1 մլրդ դոլարով, և այդ գումարներն օգտագործվեցին անարդյունավետ»,- ընդգծեց Վանեցյանը՝ ավելացնելով, որ գնահատականը ոչ միայն իրենն է, այլ նաև ոլորտին տիրապետող մասնագետներինը։


«Ավելի պարզ, մատչելի բացատրելու համար կուզեի մեկ օրինակ բերել՝ այսօր ունենք մեկ միլիարդ դոլարից ավելի ավելացված պարտք, որը չի օգտագործվել որևէ հավելյալ արժեք ստեղծելու համար, և այդ պարտքը այս իշխանությունները թողնելու են հաջորդ իշխանությունների և սերունդների ուսերին»,- շեշտեց Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ 2020 թ․ պաշտոնական տվյալներով՝ Հայաստանն ունի 7 տոկոսից ավելի ՀՆԱ-ի անկում, դրամի արժեզրկում, գրեթե զրոյական ներդրումներ։


«Հայաստանի Հանրապետությունում այսօր տնտեսությունը կանգնած է ճգնաժամի առաջ։ Առաջիկա ժամանակներում «ճգնաժամ», «սնանկացում» բառերը դառնալու են, ցավոք սրտի, հաճախ օգտագործվող»,-ամփոփել է Վանեցյանը։

Aa

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page