«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները Արցախում ներկա են եղել ՀՅԴ Հայ դատի գրասենյակի բացմանը
Արցախի անկախության 30-ամյակի միջոցառումների շարքում Ստեփանակերտում բացվել է Հայ դատի գրասենյակ, որի բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեակավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, նույն խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը և «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
Միջոցառմանը մասնակցել են նաև Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, ԱՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանը, քաղաքագետ Թևան Պողոսյանը, պատգամավորներ, ներկա և նախկին իշխանությունների ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես է եկել Արցախի ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը, որը ներկայացրել է այս ծանր շրջանում Արցախում Հայ դատի գրասենյակ բացելու անհրաժեշտությունը։ Ելույթ են ունեցել նաև Արցախի Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը, Հայ դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
«44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում վերադասավորումներ են եղել, և Թուրքիայի գերակայությունն արդեն անկայունացրել է տարածաշրջանի վիճակը»,- ասել է Կիրո Մանոյանը։
Նա առանձնացրել է չորս թիրախային ուղղություններ, որոնց հիման վրա Հայ դատի գրասենյակները 30 երկրում աշխատում են։
«Առաջինն Արցախում մարդասիրական օժանդակությունն է՝ միջազգային կառույցների ներգրավվածությամբ։ Երկրորդը Թուրքիայի ագրեսիան միջազգային հարթակներում ըստ արժանվույն գնահատելուն ուղղված աշխատանքն է։ Երրորդ, Արցախի տարածքային ամբողջականության հարցն է, որն ամրագրված է Արցախի սահմանադրությամբ, և չորրորդը՝ Արցախի կարգավիճակի միջազգային ճանաչումն ու Արցախի ժողովրդի ինքնորոշումը», - նշել է Կիրոյանը։
Դաշնակցության Արցախի կառույցի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը նշել է, որ թվարկած կետերի հաղթահարման համար պետք է միասնականություն։
Հայ դատի հանձնախմբի խորհուրդը որոշել է, որ ինչպես նախկինում, հիմա էլ գործակցելու է արտգործնախարարության հետ։
Գրասենյակի պատասխանատու է նշանակվել Գեորգի Պետրոսյանը, որը նախկինում եղել է Արցախի Գերագույն խորհրդի պատգամավոր և երկար տարիներ՝ արտգործնախարար։
Comments