15 թվականի թուրքի յաթաղանը փոխարինվել է 2020 թվականի բայրաքթարներով․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)
- Jun 7, 2021
- 2 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը և դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանն Արցախում այցելել են Ամարաս վանական համալիր։
Նրանք երկուսն էլ, լավ իմանալով Արցախի հետ կապված յուրաքանչյուր խնդիր, մեկտեղել են իրենց մոտեցումներն ու արձանագրել, որ իրավիճակը դեռևս շտկելի է։
«Այս իրավիճակից պիտի դուրս գանք, միանշանակ։ Մենք չենք կարող մնալ անվտանգության սպառնալիքներով լի երկրում։ Լուծումները պետք է գտնվեն։
Պատերազմն ամենավատ լուծումն է, բայց եթե մենք ուզում ենք խաղաղություն, պետք է մշտապես պատրաստ լինենք պատերազմի»,-նշել է Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով պատերազմի վերսկսման հետ կապված հանրային մտահոգությանը` նա նշել է․ «Մենք պատերազմ չենք ուզում, մենք պատերազմ չենք փորձում հրահրել։ Բայց մենք նաև չենք ասում, որ մենք կարող է գլուխներս կախենք, մեջքներս ծռենք ու կզենք թշնամու դիմաց։ Եթե թշնամին եկել է մեզ սպանելու, առաջինը մենք պետք է նրան սպանենք»։
Արթուր Վանեցյանը կարծում է, որ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած հայ ժողովրդի բնաջնջման` 21-րդ դարի դրսևորումն է։
«Ադրբեջանցու՝ վերջին պատերազմից հետո պահվածքը ցույց տվեց պարզ մի բան՝ 15 թվականի թուրքի յաթաղանը փոխարինվել է 2020 թվականի իրենց բայրաքթարներով»,- հայտնել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն։
Արթուր Վանեցյանը նկատել է, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում Արցախից բնակիչների արտահոսքը մեծացել է, և այդ խնդրին պետք է հրատապ լուծում տալ։
«Արցախը պահելու են Արցախում բնակվող մեր հայրենակիցները։ Հիմա մենք ունենք 4․5 տարի ժամանակ, և ունենք մի քանի կարևորագույն խնդիր լուծելու։ Մենք պետք է ամբողջությամբ վերափոխենք Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգը, մենք պետք է ձևավորենք նոր, ժամանակակից զինված ուժեր, և պետք է կարողանանք ստեղծել այնպիսի հնարավորություն, այնպիսի իրավիճակ, որ Արցախի բնակիչները շարունակեն բնակվել Արցախում, և Հայաստանի բնակիչները, ինչպես նախկինում, հիմա էլ շարունակեն գալ Արցախ»,- նշել է նա՝ հավելելով, որ «մենք չպետք է թաքցնենք, և պետք է խոսենք մի կարևոր բանի մասին․ այսօր Արցախի պաշտպանության բանակը մեկ տարի հետո չի ունենալու ժամկետային զինծառայող»։
Նա համոզված է, որ եթե Հայաստանի ու Արցախի բնակչությունը լքի երկիրը, ոչ ոք նրանց փոխարեն չի պաշտպանելու մեր հայրենիքն ու պետականությունը։ «Եթե Արցախում մարդ չմնաց ապրելու, ո՞վ է պաշտպանելու այս հողը, ո՞վ է պաշտպանելու էս հրաշք երկիրը»,-խոսքն ամփոփել է Արթուր Վանեցյանը։
Comments