Ես աշխատեցնելու եմ մեր դաշնակցային հարաբերությունները․ Արթուր Վանեցյան
- Jun 3, 2021
- 1 min read

Այս պահին թուրքը ՀՀ ինքնիշխան տարածքում է, պաշտոնական տվյալներով՝ մոտ 1000 ադրբեջանցի զինվորական այսօր գտնվում է Հայաստանի տարածքում։ Այս մասին այսօր ևս մեկ անգամ ահազանգեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով ՀՀ անվտանգային վիճակին։
Վանեցյանի խոսքով՝ իշխանության գալուց հետո իրենք առաջին հերթին պետք է լուծեն ՀՀ երկարաժամկետ անվտանգային միջավայրի ձևավորման հարցը։
«Նախ՝ պետք է աշխատեցնել դաշնակցային պարտավորությունները։ Ես տեսնում եմ, որ ավելի քան 15 օր է, որ Հայաստանի տարածքում կան ադրբեջանցիներ, և նրանք դուրս չեն շպրտվում ո՛չ ՀՀ զինված ուժերի կողմից, ո՛չ էլ դիվանագիտական ճանապարհով։ Ի՞նչ է առաջարկում Նիկոլ Փաշինյանը, ասում է՝ հայելային ճանապարհով զորքերը պետք է հետ գնան։ Հիմա ադրբեջանցիները 3,5 կմ ներխուժել են ՀՀ տարածք, և հայելային ճանապարհով հետ գնալը նշանակում է, որ հայկական և ադրբեջանական զորքերը պետք է 3,5 կմ հետ գնան։ Ստացվում է, որ Ադրբեջանը գնում-կանգնում է ճիշտ իր սահմանին, իսկ ՀՀ զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանից հետ են գնում 7 կմ։ Եվ դա լուծո՞ւմ է»,- հարց հնչեցրեց Արթուր Վանեցյանը։
Ըստ «Հայրենիք» կուսակցության առաջնորդի՝ առաջին հերթին պետք է Հայաստանն ինչ-որ բան անի, որ Ռուսաստանն էլ աջակցի ու կատարի իր դաշնակցային պարտավորությունները, քանի որ, ըստ նրա, միայն դիմելով որևէ բան չի լինում։
Հարցին, թե իշխանության գալուց հետո ի՞նչ է անելու, Արթուր Վանեցյանը պատասխանեց․ «Ես աշխատեցնելու եմ մեր դաշնակցային հարաբերությունները»։
Comments