Մենք տանտիրոջ իրավունքով ենք եկել Արցախ․ Վանեցյանը հանդիպել է ԱՀ ՀՅԴ ներկայացուցիչներին (տեսանյութ)
- Sep 1, 2021
- 1 min read
Updated: Sep 4, 2021

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեում ԱՀ խորհրդարանի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը և նույն խմբակցության պատգամավորներներ Վահրամ Բալայանն ու Դավիթ Իշխանյանն ընդունել են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին և նույն խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին։ Այդ մասին հայտնում է MediaHub.am-ի թղթակիցը։ Հանդիպման ընթացքում Արթուր Մոսիյանը ողջունել է հայաստանցի գործընկերներին, ապա հայտնել, որ պետք է ձևավորել միասնական օրակարգ՝ հետպատերազմյան ժամանակաշրջանի մարտահրավերներին դիմակայելու համար։

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը էլ նշել է, որ իրենք տանտիրոջ իրավունքով են Արցախ եկել և մտահոգ են ինչպես Հայաստանի, այդպես էլ Արցախի ապագայով։
«Այս պահին Հայաստանի անվտանգային համակարգը, մեղմ ասած, խարխլված է, և ՀՀ ապիկար իշխանությունը մեր միասնական հայրենիքը հասցրել է այս օրհասական վիճակին»,- ասել է նա։

Արթուր Վանեցյանը շեշտել է, որ Արցախի ինքնորոշման ու ճանաչման համար իրենք աշխատում են 24-ժամյա ռեժիմով։ «Ես կարծում եմ, որ պետք է ստեղծել որևէ հարթակ, որտեղ ներգրավված կլինեն Արցախի խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը, որոնք հետաքրքրված են արցախյան խնդրով և պատրաստ են միասնական հայրենիք ստեղծելու համար ջանք չխնայել»,- նշել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։
Հանդիպման ընթացքում Արթուր Վանեցյանն անդրադարձել է նաև ադրբեջանցիների կողմից ՀՀ-Իրան միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածի փակմանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանն այդ միջադեպին անդրադառնալու փոխարեն կառավարության նիստում ադրբեջանական տեղանուններ է նշել՝ ցույց տալու, որ ադրբեջանցիները ոչ թե ճանապարհի հայկական հատվածում են, այլ՝ ադրբեջանական։
Comments