Առուշանյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան. Մելքոնյան. «Sputnik Արմենիա»
- Jul 21, 2021
- 1 min read

Առուշ Առուշանյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքը Վերաքննիչ դատարանը դեռևս վարույթ չի ընդունել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Առուշանյանի փաստաբան Գագիկ Մելքոնյանը:
«Երեկ են տեղափոխել. մտերիմների, հարազատների հետ տեսակցություններն արգելված են։ Նման որոշում է կայացվել»,- ասաց Մելքոնյանը։
Նրա խոսքով` Վերաքննիչ դատարանը դեռևս վարույթ չի ընդունել փաստաբանների` Առուշանյանին կալանավորելու որոշումը բողոքարկելու դիմումը։
Պաշտպանները Առուշանյանի կալանավորման որոշումը կվիճարկեն դատարանում, իսկ մինչ այդ Գորիսում համայնքապետին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք են սկսել։
«Առուշանյանի կալանավորմամբ մտահոգված գորիսեցիները այսօր 17։00-ից սկսած` կարող են միանալ ստորագրահավաքին Գորիսի Գ․ Տաթևացու անվան հրապարակում (Մշակույթի տան հարակից տարածք»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց նախաձեռնող խմբի անդամներից Զաքար Խոջաբաղյանը։
Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ Վերաքննիչ դատարանն ի թիվս այլ հարցերի պետք է պատշաճ գնահատական տա նաև Առուշ Առուշանյանի խափանման միջոց կալանքի փոփոխության նպատակով ստորագրահավաքի առկայությանը և կայացնի օրինական որոշում։
«Խափանման միջոցի և դրա տեսակի ընտրության շրջանակում դատարանը հավաքագրում է նաև անձին բնութագրող տվյալներ։ Այս դեպքում ստորագրահավաքն անձը բնութագրող տվյալ է, և դատարանը պետք է արդեն իսկ ընտրված խափանման միջոցի օրինաչափության հարցի շրջանակում դրան պատշաճ գնահատականի արժանացնի»,- շեշտեց նա։
Ալեքսանյանի խոսքով՝ այս դեպքում ստորագրահավաքի մասնակիցների քանակն էական նշանակություն չունի, դրա առկայությունն արդեն իսկ վկայում է Առուշանյանի անձի նկատմամբ դրական բնութագրի մասին։ Պաշտպանը, սակայն, չի բացառում, որ ստորագրահավաքի մասնակիցների նկատմամբ ևս գործի դրվի «պողպատե մուրճն» ու «ասֆալտին փռելու» քաղաքականությունը:
Comentários