Ով կփոխարինի Առուշ Առուշանյանին մինչ կալանավայրից դուրս գալը
- Oct 18, 2021
- 1 min read

«Առուշ Առուշանյան» դաշինքի ավագանու թեկնածուին ոստիկանություն հրավիրելն ընդամենը կազմակերպված միջոցառում էր՝ ի ցույց բոլորի, քանի որ մինչև 15 րոպեն բաց են թեղել։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց դաշինքի անդամ, Գորիսի նախկին փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը։
Յոլյանի խոսքով՝ նրան ոստիկանություն էին հրավիրել, քանի որ իր տարեց հարևանուհուն օգնել էր, որ ընտրատեղամաս հասնի։
«Մեր դաշինքի հետ կապված միայն այս դեպքն է տեղի ունեցել, մնացած առումներով որևէ խնդիր չենք ունեցել։ Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի բացառապես օրենքի շրջանականերում իրականացնենք մեր քայլերը։ Ոստիկանական մեծ ուժեր կային, որոնք խոշորացույցի տակ էին առել «Առուշ Առուշանյան» դաշինքի ամբողջ թիմին ու համակիրներին և փորձում էին ամեն ինչ անել, որ ճնշեն։ Մինչդեռ ՔՊ-ի կողմից բազմաթիվ ընտրախախտումներ են եղել, որոնք ոստիկանության բարձր հովանու ներքո են տեղի ունեցել»։
Հարցին, թե այդ ընտրախախտումների դեպքերով պատրաստվո՞ւմ են հաղորդում ներկայացնել, Յոլյանը պատասխանեց․
«Հաղորդում ներկայացնելու խնդիր չկա, այդ բոլորը տեսանյութերը համացանցում առկա են, այնպես չէ, որ պետք է հաղորդում ներկայացնենք։ Դա ոստիկանության գործն է՝ փաստերի հիման վրա հարուցել քրեական գործ, բայց նորից եմ ասում՝ քանի որ այդ բոլոր հանցագործությունները ոստիկանության բարձր հովանու ներքո են եղել, գործեր չեն հարուցվելու»։
Անդրադառնալով հարցին, թե Առուշ Առուշանյանի՝ կալանավայրում գտնվելու ժամանակահատվածում Գորիսն ո՞վ է ղեկավարելու՝ Յոլյանը նշեց․
«Համայնքի ղեկավարի տեղակալը՝ Մենուա Հովսեփյանը կամ մյուս տեղակալը ժամանակավոր կփոխարինեն, լիազորությունները կիրականացնեն, մինչև շատ կարճ ժամանակի ընթացքում Առուշանյանը դրսում կլինի և կանցնի իր պարտականությունների կատարմանը»։
Արմինե Նավոյան
Comments