Կրկին ԱԽ նիստ կգումարվի
- May 13, 2021
- 1 min read

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Սյունիքի մարզի Սև լճի հատվածում տիրող իրավիճակը։
«Ուզում եմ ասել, որ երեկվանից, ըստ էության, իրադրության էական փոփոխություն չկա, և այն շարունակում է մնալ նույնը։ Դա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ, այնտեղ նաև մեր զինվորների մեծաթիվ ներկայություն կա։ Բայց ուզում եմ ասել, որ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, այսինքն՝ փոխհրաձգություն չկա»,- ներկայացրեց նա։
Նիկոլ Փաշինյանի հիմնավորմամբ՝ իրավիճակն այսիպսին է, քանի որ նախապես ծրագրված սադրանք է եղել. ադրբեջանցիներն իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որոնցով ուզում են ցույց տալ, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս։
«Էլի եմ ասում՝ այդ քարտեզները կեղծված են, դա ակնհայտ է։ Իսկ կեղծված քարտեզների առկայությունը ցույց է տալիս՝ գործ ունենք կազմակերպված սադրանքի հետ»,- նկատեց նա։
Վարչապետի պաշտոնակատարը նշեց նաև, որ կարող է հարց ծագել՝ ինչպես են ադրբեջանցի զինվորները հասել Սև լիճ։ Նրա խոսքով, դա առանձին քննարկման խնդիր է, որն անպայման դիտարկվելու է։
«Ուզում եմ ասել, որ այս իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվենք, քանի որ, ըստ էության, մենք գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենար կարող է ունենալ։ Մեր խնդիրն է, որ ՀՀ ինքնիշխան տարածքը մնա անձեռնմխելի, իսկ Ադրբեջանի զինուժը հետ քաշվի ելման դիրքեր»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ այսօր Կառավարության նիստից հետո ԱԽ նիստ կգումարվի, որտեղ ավելի մանրամասն կքննարկվի իրադրությունը, կընդունվեն անհրաժեշտ որոշումներ՝ իրադրության հետագա կառավարումն ապահովելու վերաբերյալ։
«Պետք է լինել շրջահայաց, վճռական ու սկզբունքային։ Պետական մարմինները պետք է փոխգործակցեն՝ իրադրությունը հանգուցալուծելու համար։ Մեր նպատակն է, որ ինչպես եկել են, այդպես էլ գնան ելման դիրքեր»,- եզրափակեց խոսքը Նիկոլ Փաշինյանը։
Comments