Հայ-ամերիկյան հարաբերությունների հիմքում ընկած են ընդհանուր արժեքները. Փաշինյան
- Jul 4, 2021
- 1 min read

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության տոնի առթիվ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշված է.
«Մեծարգո՛ պարոն նախագահ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա առիթով:
Անկախության հռչակագրով հիմնադիր հայրերը ԱՄՆ-ի ժողովրդին ու համայն մարդկությանը ժառանգություն են թողել պետականաշինության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների վեհ գաղափարներ։
Վերջին ժամանակներս համայն մարդկությունը դիմակայում է լուրջ մարտահրավերների՝ համավարակ, կլիմայի փոփոխություն, հակամարտություններ ու պատերազմներ։ Մենք բարձր ենք գնահատում միջազգային հանրությանը, այդ թվում՝ Հայաստանին, համավարակի դեմ պայքարում ցուցաբերած ֆինանսական ու բժշկական անգնահատելի օժանդակությունը։
Մեծապես կարևորում ենք ԱՄՆ-ի միջնորդական ակտիվ դերակատարությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման ուղղությամբ Ձեր երկրի անշեղորեն արտահայտվող հստակ դիրքորոշումը։ Վստահ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել Արցախի խնդրի համապարփակ ու արդար կարգավորմանը։
Հայաստանը պատրաստակամ է առավել խորացնելու և ընդլայնելու մեր երկկողմ հարաբերությունները ռազմավարական երկխոսության շրջանակում։ Լիահույս եմ, որ ապագայում կարձանագրենք փոխշահավետ համագործակցության նորանոր ձեռքբերումներ»:
Comments