ԲՏԱ նախարարի պաշտոնակատարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ոլորտի խնդիրները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը Ֆրանսիայի հետ բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներում համագործակցության ընդլայնման նպատակով հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, ընդգծելով տեխնոլոգիական ոլորտի ուրույն դերը ժամանակակից աշխարհում՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը Խորհրդային Միության գերազանց գիտական ավանդույթների և ՏՏ ընկերությունների ներուժի հիման վրա բավականին առաջատար դիրքեր է զբաղեցնում տարածաշրջանում, հատկապես տեղեկատվական և ինժեներական տեխնոլոգիաների ասպարեզում: Սակայն, հաշվի առնելով արդի տեխնոլոգիական զարգացման մեծ արագությունն ու ժամանակակից տնտեսության պահանջները, որակավորված մասնագետների գիտելիքների մշտական թարմացման պահանջ կա:
Դեսպան Ժոնաթան Լաքոտը կարևորել է նախարարի պաշտոնակատարի նախատեսված այցը Ֆրանսիա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում փոխգործակցության նոր հեռանկարներ զարգացնելու առումով, և նշել է, որ դեսպանությունը կազմակերպչական և խորհրդատվական աջակցություն կտրամադրի՝ այցը բարձր մակարդակով իրականացնելու համար:
Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ իր այցի շրջանակներում նախատեսում է նաև մեկնել Թուլուզ` ծանոթանալու քաղաքի գիտատեխնիկական մեծ ներուժին, քննարկելու Թուլուզի Համակարգչային գիտության ազգային ինստիտուտի կողմից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային գերհզոր սուպերհամակարգիչ նվիրելու հետ կապված հարցերը:
Comentarios