Չարաշահման դեպքեր սոցապնախարարության ՊՈԱԿ-ներում. նյութերն ուղարկվել են դատախազություն. «Ժողովուրդ»
- Sep 16, 2021
- 1 min read

««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ հաշվեքննիչ պալատը Հայաստանի գլխավոր դատախազություն նյութեր ուղարկելու մասին որոշում է կայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող ՊՈԱԿ-ներում՝ «Երևանի մանկան տուն» և «Ձորակ» հոգեկան առողջության կենտրոններում ստուգումներ է իրականացրել ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ:
Պարզվում է՝ ստուգման ընթացքում առերեւույթ հանցագործության տարրեր են հայտնաբերվել, որոնց վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:
Մեզ հայտնի դարձավ, որ «Երևանի մանկան տուն», «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն ՊՈԱԿ-ների համար նախարարության կողմից կենտրոնացված կարգով անցկացված սննդամթերքի, ծխախոտի, հանդերձանքի եւ անկողնային պարագաների, տնտեսական, սանհիգիենիկ ու մաքրիչ նյութերի և վառելիքի գնումների գործընթացների արդյունքում հրապարակված պատճենահանված արձանագրությունները, ինչպես նաև այդ գնումների գործընթացների գնահատման հանձնաժողովներում ներգրավված ՊՈԱԿ-ների ներկայացուցիչների գրավոր տեղեկություններն են ուղարկել գլխավոր դատախազություն, ինչից հետո Հաշվեքննիչ պալատը պետք է շարունակի ստուգումները տվյալ ընկերություններում»:
Komentar