Արմեն Չարչյանը կալանավայրից տեղափոխվել է քաղաքացիական հիվանադանոց․ Արամ Վարդևանյան
![](https://static.wixstatic.com/media/d020f1_4c5116970a1441048f06f72a597742c7~mv2.jpg/v1/fill/w_720,h_409,al_c,q_80,enc_auto/d020f1_4c5116970a1441048f06f72a597742c7~mv2.jpg)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կալանավայրից տեղափոխվել է քաղաքացիական հիվանադանոց։ Այդ մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նույն խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Ես ինքս Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանից եմ ճշտել, որ Չարչյանի վիճակը վատթարացել է, տեղափոխվել է հիվանդանոց։ Դուք տեղյակ եք, որ Չարչյանն առողջական խնդիրներ ունի, որի մասին տեղյակ է թե՛ դատախազը, թե՛ քննիչը, թե՛ դատարանը, այդ թվում՝ վերաքննիչ քրեական դատարանը։
Իհարկե, վերջին դատավորն իր իրավական ակտով ցույց տվեց, որ նպատակադրված որոշել էր անտեսել ոչ միայն իրավունքը, այլ նաև սահմանադրական նորմերը։ Արմեն Չարչյանը սրտի ստենդավորում է ունեցել մի քանի ամիս առաջ և այսօր վիճակը վատթարացել է»,- ասաց նա։
Հարցին՝ այս պահին նրա առողջական վիճակն ինչպե՞ս է գնահատվում, Վարդևանյանը նշեց․
«Բոլոր դեպքերում, այն, որ Չարչյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, դրական չի բնութագրվում, սա է իրավիճակը»։
Անդրադառնալով հարցին, թե կալանավայրում պահվելու պայմանների փոփոխման հետ կապված քայլեր ձեռնարկվելո՞ւ են, Վարդևանյանը համոզմունք հայտնեց, որ Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն այդ ուղղությամբ միջոցներ կձեռնարկի։
Վարդևանյանի խոսքով՝ իրավապահ մարմինների, դատարանների՝ ամենաթողությանը նմանվող բռնապետական ռեժիմի պայմաններին հարիր դրսևորումները պետք է պատշաճ խորհրդարանական վերահսկողության արժանանան, իսկ գործիքների, մեթոդների մասին «Հայաստան» խմբակցությունը հավելյալ կանդրադառնա։
Հարցին՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորները փորձե՞լ են այցելել Չարչյանին, տեսակցությունները թույլատրվա՞ծ են, Վարդևանյանը նշեց, որ մի քանի տեսակցություն տեղի ունեցել է, առաջիկայում էլի կլինի։
Comments