Ալիկ Հայրապետյանը, ներկայանալով ադրբեջանցի, անհետ կորածների կին հարազատներից մերկ նկարներ է պահանջել
- Jul 7, 2021
- 1 min read

Սյունիքի մարզի դատարանում քննվում է մեղադրյալ Ալիկ Հայրապետյանի գործը, որը 44-օրյա պատերազմից հետո սոցիալական ցանցերում որոնել ու գտել է անհետ կորած զինծառայողների իգական սեռի հարազատներին, ներկայացել որպես ադրբեջանցի զինծառայող, կեղծ տվյալներ հայտնել իգական սեռի հարազատներին, սեռական բնույթի լուսանկարներ պահանջել ու շահագործել նրանց, հրաժարվելու դեպքում սպառնացել սպանել գերության մեջ գտնվող իրենց հարազատներին: Այս մասին հայտնում է «Tert.am» կայքը:
Նա սոցիալական ցանցերում գտել է 102 հարազատի, որոնցից մի քանիսը հավատացել է Ալիկ Հայրապետյանին, որն իր օգտահաշվի անունը փոխել է և ներկայացել Ազիզ Մուրադով անունով: Նրա հետ հարազատները նամակագրություն են վարել, իսկ Ալիկ Հայրապետյանը բոլորին տվյալներ է հայտնել, որ անհետ կորած իրենց զինծառայողները ադրբեջանական քրեակատարողական հիմնարկներում են, որոնց հետ ինքը կարող է տեսազանգ կազմակերպել, գտնվում է կապի մեջ:
Հայրապետյանը դրա դիմաց պահանջել է մերկ, սեռական օրգանները ցուցադրող լուսանկարներ, և սպառնացել, որ չուղարկելու դեպքում կսպանի գերության մեջ գտնվող հարազատներին:
Գործով 16 տուժող կա:
Ալիկ Հայրապետյանը մեղադրվում է մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործման մեջ: Նախկինում դատված չէ, խափանման միջոց է ընտրված կալանավորումը:
Comments