Երբ Առուշանյանը Սյունիքն էր պաշտպանում, Խաչատրյանը պետբյուջեի գումարով Արցախ էր գնում․ պատգամավոր
- Oct 13, 2021
- 2 min read

«Փաստ է՝ Նիկոլ Փաշինյանը ուզում է, որ հատկապես Սյունիքում լինեն իր յուրայինները, խամաճիկները, որոնք ոչ մի կերպ չեն արձագանքելու Սյունիքում ստեղծված իրավիճակին և հնարավոր զարգացումներին»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդմանն ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա ընդգծել է, որ եթե Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն անազատության մեջ չլիներ, ապա Գորիս-Կապան միջպետական ճանապարհին առաջացած խնդրի առնչությամբ անպայման ակտիվություն կդրսևորեր։
«Երբ ես ԱԺ-ում հարց եմ բարձրացնում, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի մի հատվածում ադրբեջանցիները լայնածավալ շինարարական աշխատանքներ են տանում, ի՞նչ է արվում՝ որևէ մեկը պատասխան չունի։ Վստահ եմ, որ պարոն Առուշանյանը, նրա տեղակալները, որոնցից գրեթե բոլորը նույն քաղաքական հետապնդմանն են ենթարկվում, ազատության մեջ ակտիվ գործունեություն կծավալեին, մեզ հստակ պատասխաններ կտային, կկանխարգելեին»,- ասել է Գրիգորյանը։
Պատգամավորի խոսքով՝ Սյունիքի համայնքապետերի նկատմամբ ռեպրեսիաները նրանց դիրքորոշման պատճառով են, քանի որ վերջիններն ակնհայտորեն դեմ են արտահայտվել զիջումներին։
Բացի այդ, Փաշինյանը վրեժխնդիր է լինում նրանցից, նպատակներից մեկն էլ հոկտեմբերի 17-ին Գորիսում կայանալիք ընտրություններին Առուշ Առուշանյանի ներկա գտնվելը բացառելն է, որպեսզի իշխանությունն ավելի ազատ լինի՝ իր մանիպուլյատիվ գործողություններում։
Աննա Գրիգորյանն արձագանքել է նաև Գորիսում իշխանական թեկնածուի քարոզարշավն ակտիվ իրականացնող ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարություններին, որոնցով Առուշ Առուշանյանին զրպարտելու փորձ է արվել։
Խաչատրյանը, հիշեցնենք, կասկածի տակ էր դրել Առուշանյանի մասնակցությունը պատերազմին, ինչից հետո ՀՀ ՊՆ ԶՈՒ և ԶՀԾ Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումից տրամադրվել էր տեղեկանք, որում նշված է Առուշ Առուշանյանի՝ պատերազմական գործողություններին մասնակցության ժամանակացույցը:
«Երբ պարոն Առուշանյանը իր գործընկերների հետ կազմակերպում էր Սյունիքի ինքնապաշտպանությունը, պարոն Խաչատրյանը և նրա գործընկերները, թուղթ ու գրիչը վերցրած, դիմում էին ԱԺ-ի համապատասխան մարմնին, որպեսզի գումար վերցնեն՝ հասնելու Սյունիք և Արցախ։
Երևի սեփական միջոցներն ափսոսում էին, չգիտեմ։ Համենայնդեպս, երբ պարոն Առուշանյանն, իր կյանքը վտանգելով, հնարավոր բոլոր ռեսուրսները կենտրոնացնելով՝ իրականացնում էր Սյունիքի ինքնապաշտպանությունը, նույն մարդիկ պետբյուջեից փող էին վերցնում, որպեսզի հասնեն այնտեղ»,- այս առնչությամբ ասել է Գրիգորյանը։
Comments