Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի հետ
- Aug 23, 2021
- 1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային թեմաներ՝ շեշտը դնելով Աֆղանստանում տիրող իրավիճակի և միգրացիայի խնդրի վրա։ Խոսել են նաև Թուրքիայի և ԵՄ -ի միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Աֆղանստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին պաշտպանության և անվտանգության ոլորտում Եվրամիության PESCO նախագծին Թուրքիայի մասնակցության կարևորությունը: Էրդողանը զրուցակցին տեղեկացրել է, որ Անկարան կողմ է «Աֆղանստանում սահուն անցումային շրջան» ապահովելուն: Նա զգուշացրել է, որ անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու դեպքում Աֆղանստանից «միգրացիոն ճնշումը» էլ ավելի լայն տարածում կստանա, ինչը լուրջ մարտահրավեր կդառնա շահագրգիռ բոլոր երկրների համար:
Թուրքիայի նախագահը ԵՄ-ին կոչ է արել օգնություն ցուցաբերել ինչպես Աֆղանստանում, այնպես էլ հարևան երկրներում, առաջին հերթին՝ Իրանում ապրող աֆղաններին: Նա ընդգծել է, որ Թուրքիան, որն այժմ իր տարածքում ընդունում է 5 միլիոն փախստականի, ի վիճակի չէ իր վրա վերցնել միգրացիոն լրացուցիչ բեռը:
Comments