top of page

Դատարանը մերժել է Կենտրոնի թաղապետարանի աշխատակցի նկատմամբ կալանավորման միջնորդությունը

  • May 13, 2021
  • 2 min read


Օրեր առաջ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքում տեղի էր ունեցել ծեծկռտուք՝ թաղապետի պաշտոնակատարի և թաղապետարանի աշխատակիցներից մեկի մասնակցությամբ:


Տեղի ունեցած վիճաբանությունից հետո հարուցվել էր քրեական գործ: Երկու անձի մեղադրանքներ են առաջադրվել և վերջիններս ձերբակալվել էին։


MediHub-ի թղթակիցը զրուցել է Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Դավոյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հետ, ով հայտնել է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր-Նորքի նստավայրում՝ Մանվել Շահվերդյանի նախագահությամբ մերժվել է քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:


Փաստաբանի խոսքով մերժման հիմք է հանդիսացել հիմնավոր կասկածի բացակայությունը։ Նա նշեց նաև, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, այսինքն խուլիգանություն, որը զուգորդվել է որպես զենք օգտագործվող առարկայի գործածմամբ։


Դատարանը հաստատված փաստ է համարել այն, որ հիմնավոր կասկածը բացակայում է, Արման Դավոյանը կապ չունի իրեն վերագրվող մեղադրանքի հետ։


«Մենք չենք ասում առնչություն չունի, նա դեպքի հետ առընչություն ունի և մենք դա չենք հերքել, բայց իրեն վերագրվող իրավական որակման հետ դատարանը հաստատել է, որ նա առընչություն չունի»,- նշեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, ապա հավելեց, որ իր պաշտպանյալը իրեն հասցեագրված մեղադրանքը չի ընդունում, ցուցմունք է տվել և մանրամասն ներկայացրել է, բոլոր հանգամանքները, որոնք, ըստ էության, քրեաիրավական տեսանկյունից բացառում են նրա կողմից խուլիգանական գործողությունների կատարումը։


Փաստաբանն արձանագրեց նաև, որ մինչև այս դեպքը վիճող կողմերի միջև եղել է լարված, ոչ բարիդրացիական հարաբերություններ, ինչը և հանգեցրել է վիճաբանության։

«Սա վաղուց ձևավորված, ոչ առողջ հարաբերությունների արդյունք է, որը թե՛ օրենսդրությամբ, թե Վճռաբեկ դատարանի որոշումների համաձայն խուլիգանության հանցակազմ իր մեջ չի պարունակում»․-եզրափակեց Էրիկ Ալեքսանյանը:


Հիշեցնենք, որ նախնական տվյալներով՝ 2021թ. մայիսի 11-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարը, կոմունալ բաժնի գլխավոր մասնագետի և շուրջ 10 այլ աշխատակիցների հետ մուտք է գործել նույն վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի աշխատասենյակ, որտեղ աշխատանքային խնդիրների շուրջ ստեղծված տարաձայնությունների պատճառով առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարը և նրա հետ աշխատասենյակ մուտք գործած անձիք հարվածներ են հասցրել նշված բաժնի պետի մարմնի տարբեր մասերին, կոմունալ բաժնի գլխավոր մասնագետը համակարգչի ստեղնաշարով հարվածել է նրա գլխին, իսկ նրանցից մեկը՝ կոտրել վերջինիս պատկանող համակարգիչը և ստեղնաշարը՝ նախնական տվյալներով, պատճառելով շուրջ 1.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս:






Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page