Գիշերը հրդեհվել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան. «Փաստինֆո»
- Aug 5, 2021
- 1 min read

Գիշերը հրդեհվել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Զարուհի Փոստանջյանը։
Փոստանջյանը պատմեց, որ գիշերը ժամը 03։00-ի սահմաններում պայթյունի ձայն է լսվել, իրենց ավտոմեքենան հրդեհվել է, վնասվել է նաև մոտակայքում կայանված ավտոմեքենան, իսկ թե ինչ է տեղի ունեցել՝ պարզ կլինի փորձաքննության եզրակացությունից հետո։
«Ոչ մեկին էլ պետք չէր այդպիսի բան անել։ Չեմ կարծում, որ դիտավորություն էր։ Ինչ-որ նախազգուշացում է երևի, չեմ կարող հստակ ասել, թե ինչ է»,- նշեց Փոստանջյանը՝ հավելելով, որ դեպքը, հնարավոր է նաև, կապված է իր քաղաքական գործունեության հետ։
Դեպքի առթիվ Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
Նրա փոխանցմամբ՝ գիշերը ոստիկանության ծառայողները դեպքի վայրի զննություն են իրականացրել, արձանագրություն են կազմել, նկարահանել, նմուշներ վերցրել, բացատրություն է տվել նաև Զարուհի Փոստանջյանի ամուսինը։
Հարցին՝ դեպքի վայրի զննությամբ արդյոք պայթուցիկ սարք կամ սարքի մասեր հայտնաբերվել են, Փոստանջյանը նշեց, որ չի կարող ասել, նմուշներ են վերցրել, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ հրդեհվել է մեքենայից ոչինչ չի մնացել, որ կարողանային հայտնաբերել, պետք է նաև փորձագետներ գան։
コメント