Europa Nostra-ն և Հնագետների եվրոպական ասոցիացիան Արցախում մշակույթը պաշտպանելու կոչ են արել
- Jul 7, 2021
- 2 min read

Լեռնային Ղարաբաղի տարածքում և հարակից շրջաններում առկա հարուստ մշակութային ժառանգության ամբողջականության և բազմազանության համապարփակ պաշտպանության վերաբերյալ Europa Nostra-ն և Հնագետների եվրոպական ասոցիացիան համատեղ հայտարարություն են տարածել: Հայտարարությունից մի հատված ներկայացնում ենք ստորև.
«Դատապարտում ենք մշակութային ժառանգության օբյեկտներին վնաս հասցնելու, ոչնչացնելու կամ աղավաղելու ցանկացած գործողություն, որոնք տեղի են ունեցել հակամարտության կամ կովկասյան տարածաշրջանում ծաղկող մշակույթներից որեւէ մեկի հանդեպ հարգանքի բացակայության արդյունքում, մասնավորապես, միջազգայնորեն որպես Լեռնային Ղարաբաղ հայտնի շրջանում և դրա մերձակայքում։ Հիմնվելով մի շարք միջազգային եւ եվրոպական փաստաթղթերի վրա՝ ցանկանում ենք հիշեցնել, որ նման գործողությունները ակնհայտորեն անընդունելի ու անօրինական են:
Հանդիսանալով Եվրոպական Միության հետ սերտորեն և արդյունավետ համագործակցող եվրոպական ժառանգության ցանցեր՝ մենք ողջունում և հավանություն ենք տալիս Եվրամիության Խորհրդի կողմից վերջերս ընդունված Եզրակացություններին՝ ողջունելով Հակամարտությունների և ճգնաժամերի պայմաններում մշակութային ժառանգության մասին ԵՄ հայեցակարգը, որը լրամշակում է ԵՄ մոտեցումը խաղաղության, անվտանգության, ժողովրդավարության և կայուն զարգացման հարցերում։
Որպես հրատապ առաջնահերթություն՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և դրա շրջակայքում մշակութային ժառանգության կանխամտածված վնասի, ոչնչացման կամ խեղաթյուրման մասին տարբեր կողմերի տագնապալի մեղադրանքներով պայմանավորված, մենք կոչ ենք անում, որ եվրոպացի/ միջազգային փորձագետների թիմ մուտքի հնարավորթյուն ստանա տարածաշրջան՝ տեղի հարուստ և բազմազան մշակութային ժառանգության վերաբերյալ համապարփակ և օբյեկտիվ գիտական ուսումնասիրություն իրականացնելու համար` դրանց պահպանության վճակի համապատասխան գնահատմամբ: Համոզված ենք, որ դա կբխի թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի, նրանց ժողովուրդների ու մշակույթների, ինչպես նաև ողջ Եվրոպայի և Մարդկության շահերից:
Գլխավորապես, մենք հորդորում ենք Ադրբեջանին և Հայաստանին կատարել 2020թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրած՝ վերջին բախումներին վերջ դնող Եռակողմ Հայտարարությամբ և մշակութային ժառանգության վերաբերյալ այս երկու պետությունների կողմից ստորագրված միջազգային և եվրոպական կարևոր փաստաթղթերի հիմքով ստանձնած պատասխանատվություններն ու միջազգային պարտավորությունները։
Մենք նաև հորդորում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրոպայի Խորհրդին և ԵԱՀԿ-Մինսկի խմբին միավորել ուժերը` խթանելու և սատարելու նշված տարածաշրջանում վտանգված բազմամշակութային և բազմակրոն ժառանգության համապարփակ պահպանությանն ուղղված դրական ջանքերը:
Ինչ վերաբերում է Եվրամիությանը, մենք հրավիրում ենք ԵՄ հաստատություններին եւ անդամ պետություններին՝ վերջերս ընդունված Խորհրդի Եզրակացությունների սկզբունքները կիրառել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և կոնկրետ դրական միջոցառումներ ձեռնարկել դրանց առնչվող Հակամարտությունների եւ ճգնաժամերի պայմաններում մշակութային ժառանգության մասին ԵՄ հայեցակարգի համաձայն»:
Comments