Պետք է որոշում ընդունենք, որ մեր 18 տարեկաններին առաջնագիծ չուղարկենք․ Գագիկ Ծառուկյան
- Jun 17, 2021
- 1 min read

Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական փաստաթուղթ ստորագրի։ Այդ մասին այսօր Հանրային հեռուստաընկերության երերում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը պետք է հույսը ոչ թե ռուսի վրա դնի, այլ լիարժեք քայլեր կատարի։
«Պետք է զարգացնենք, հզորացնենք։ Բացի այդ, պետք է որոշում ընդունենք, որ մեր 18 տարեկաններին առաջնագիծ չուղարկենք։ Հա, իրենց ցավը տանեմ, իրենք հզոր են, դուխով են, բայց պետք է մենք էլ համակարգենք, փորձառուներին ուղարկենք առաջնագիծ»,- նշեց նա։
Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ միշտ էլ այնպես է եղել, որ Հայաստանը լիարժեք չի պահել Ռուսաստանի հետ բարեկամությունը։
«Մենք պետք է ՌԴ-ի հետ ստորագրենք մի փաստաթուղթ, ըստ որի, պատերազմի ժամանակ ՌԴ-ն մեր կողքին կանգնի ու պաշտպանի մեզ»,- նկատեց նա։
Դիտարկմանը, որ շատ քաղաքական ուժեր ասում են, թե Ռուսաստանն Ադրբեջանի կողքին է, և հիմա պետք է գործակցել Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի հետ, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց․ «Այդպես չի կարող լինել, քանի որ ՆԱՏՕ անդամ պետությունը չի կարող դառնալ Հայաստանի դաշնակիցը»։
Ըստ Գագիկ Ծառուկյանի, եթե Ռուսաստանը գնաց, Թուրքիան կդիրքավորվի տարածաշրջանում։
Comments