top of page

Գագիկ Ծառուկյանի որդուն սպանության գործով երկու անգամ հարցաքննել են.«Pastinfo.am»

  • May 7, 2021
  • 3 min read

Ավելի քան երկու տարի առաջ «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած երկու երիտասարդի սպանության դեպքերը, որոնք կապվում են Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի անվան հետ, մնում են չբացահայտված։ Նախաքննական մարմինը նրան երկու անգամ կանչել է հարցաքննության, սակայն մեղադրանք չի առաջադրել։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, որի ժամանակ օգտագործվել են տարբեր տեսակի հրազեն, սուր կտրող-ծակող գործիքներ, լինգեր։

Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք էր ստացել 8 անձ, որոնցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել էր տեղում, իսկ դեպքից օրեր անց Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել էր նաև զինված միջադեպի մասնակից 21-ամյա Ջիվան Հարությունյանը: Երկու զոհերն էլ գործարար Մելիք Մանուկյանի կողմնակիցներն են։ Իսկ Վիճաբանության մյուս կողմը Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտիտրանսսերվիս» ընկերության աշխատակիցներն են՝ «Բարեց Վահրամ» անունով հայտնի Վահրամ Գրիգորյանն իր եղբայրների ու համախոհների հետ։

Քրեական գործով Նվեր Ծառուկյանի հնարավոր առնչության մասին արդեն երկու տարի է, ինչ մամուլում խոսվում է, սակայն նախաքննական մարմինը ոչ հերքում է, ոչ մեղադրանք առաջադրում։ Առաջին անգամ նրա հարցաքննության մասին հայտարարվեց 2019 թվականի հունվարին, ինչից հետո նրա դրվագը սառեցվեց եւ հիշեցին միայն 2020 թվականին, երբ Ծառուկյանը սկսեց քննադատել Փաշինյանին

Դեպքից շուրջ երկու տարի անց «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում գործի քննությունը, քրեական գործի շրջանակներում քանի անձի է մեղադրանք առաջադրվել, բացահայտվել են արդյոք Արտաշես Գևորգյանի և Ջիվան Հարությունյանի սպանությունները, ինչպես նաև հետաքրքրվել էինք, թե երբ է վերջին անգամ Նվեր Ծառուկյանի մասնակցությամբ քննչական գործողություն եղել, քանի անգամ է հարցաքննվել և արդյոք առերեսումներ եղել են։

Այսպես, ՔԿ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2019թ հունվարի 29-ին Կոտայքի մարզի Արզնի համայնքում «Պարտեզ» ռեստորանի մոտ կատարված խուլիգանության, այդ ընթացքում՝ տեղի ունեցած Արտաշես Գևորգյանի և Ջիվան Հարությունյանի սպանությունների, ինչպես նաև շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում։

«Որպես մեղադրյալ ներգրավվել են 22 անձինք։ Նրանցից 7 անձի վերաբերյալ մասն անջատվել է հիմնական գործից։ Անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին, ով համապատասխան որոշմամբ քրեական գործն ուղարկել է դատարան»,- հայտնել են ՔԿ-ից։

Ինչ վերաբերում է սպանությունների բացահայտմանը, ապա կարող ենք արձանագրել, որ Արտաշես Գևորգյանի և Ջիվան Հարությունյանի սպանություններին, ապա դրանք բացահայտված չեն։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ Արտաշես Գևորգյանը և Ջիվան Հարությունյանը մահացու հրազենային վիրավորումներն ստացել են միևնույն «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակի փողից կրակված համապատասխանաբար մեկական գնդակներից։

«Արտաշես Գևորգյանին և Ջիվան Հարությունյանին մահացու հրազենային վիրավորումները պատճառած անձի (անձանց) ինքնությունը և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է»,- հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ Ասել է թե՝ անցած երկու տարիներին չի հաջողվել պարզել թե Ծառուկյանների միջավայրից կոնկրետ ով է կրակել Մակարով տեսակի ատրճանակից։

Ինչ վերաբերում է Նվեր Ծառուկյանին, ապա ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ նախաքննության ընթացքում Նվեր Ծառուկյանը երկու անգամ հարցաքննվել է որպես վկա, սակայն վերջինիս մասնակցությամբ առերեսում չի կատարվել, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 216-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննին իրավունք ունի կատարել նախօրոք հարցաքննված երկու այն անձանց առերեսում, որոնց ցուցմունքներում էական հակասություններ կան։

Այլ խոսքով՝ քննչական կոմիտեն պնդում է, թե Նվեր Ծառուկյանի դեմ ցուցմունք անգամ չունեն, իսկ թե ինչու են քաղաքական իրավիճակի սրացումների ժամանակ անմիջապես հիշում այդ գործի մասին ու նրան կանչում հարցաքննության, հայտնի է, թերեւս միայն քննիչին ու ՔԿ-ից դուրս գտնվող խորհրդատուներին ։

Սա այն գործն է դարձել, որի միջոցով Ծառուկյանին խաղացնում են որպես մարիոնետկա եւ կարող է էական ազդեցություն ունենալ առաջիկա ընտրություններում Ծառուկյանի գործողությունների վրա։

ความคิดเห็น


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page